«Վանաձորում փակ ճանապարհներ ու անանցանելի մայթեր չկան»,-վստահեցնում են Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից: Անանցանելի ճանապարհներ չկան, փոխարենը մայթերն ու բակերն են սառցակալած:
Այս տարի համայնքի բյուջեից փողոցների մաքրման աշխատանքների համար առանձնացվել է 5 միլիոն դրամ, որով 110 տոննա աղ է գնվել, մնացածը կօգտագործվի մեքենամեխանիզմների սպասարկման եւ աշխատավարձի համար: «Այս տարի ավագանին որոշեց 20 տոկոսով ավելացնել գումարը, վառելիքը թանկացել է, մեքենաներն են բարոյապես մաշված»,-տեղեկացնում են Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ-տնտեսության եւ բարեկարգման բաժնից:
Ու թեեւ քաղաքապետարանից հավաստիացնում են, որ մայթերն էլ կմաքրվեն, սակայն նույնիսկ կենտրոնական հատվածում Վանաձորի քաղաքապետարանի եւ Լոռու մարզպետարանին հարակից մայթերն էլ սառցակալած էին: «Աղը ցանում ենք, արդեն անցանելի է դառնում, պարտադիր չի մաքրելը»,- արդարանում է քաղաքապետարանը:
Վանաձորի քաղաքապետարանն իրոք աղ ցանում է, սակայն օրվա տաք ժամին հալված ձյունը քամուց սառչում է, դառնում գոգավոր, մայթերին «սարեր ու ձորեր» են հայտնվում՝ ավելի մեծ խոչընդոտ ու վտանգ դառնալով անցորդների համար: «Հարսս ու թոռս ընկել են մանկավարժական ինստիտուտի կողքին, եթե քաղաքի կենտրոնում այդ վիճակն է, ծայրամասերում ի՞նչ կլինի»,- բողոքում էր վանաձորցին:
Կարդացեք նաև
Օդերեւութաբանների կանխատեսած ձյունը բնակիչներին հուսահատության է հասցնում: «Շենքերի բակեր կան, որ այսօր մտնում ենք՝ չենք կարողանում դուրս գալ, մի հատ էլ ձյուն գա՝ ավելի բեթար ա լինելու», -սրտնեղում են տաքսի ծառայության վարորդները:
Նելլի ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ. Նոյեմբերի 10-ին տեղեկացրել ենք, որ Վանաձորում առանց կափարիչների դիտահորերի առատություն է: Քաղաքային իշխանությունները խոստացել են լուծել հարցը, բայց չեն ասել երբ: Հատկապես օրվա մութ ժամերին բաց դիտահորը մեծ վտանգ ու սպառնալիք է: Եթե սրան գումարվի սառած փողոցը՝ վանաձորցիների համար կամբողջանա շատ տխուր պատկերը: