Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն Aravot.am-ին մեկնաբանեց Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դիմումի վերաբերյալ. «Ես, ճիշտն ասած, այլ որոշում էի ակնկալում: Սահմանադրական դատարանը կարող էր ժամանակավորապես կասեցնել զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների գործողությունը, մինչեւ խորհրդարանը համապատասխան փոփոխություններ կմտցներ, դատավորների, դատարանների հետ աշխատանք կտարվեր, որպեսզի նրանք պատրաստ լինեին դրա կիրառմանը: 34 հոդվածը դրա հնարավորությունը տալիս է, բայց, ցավոք, դատարանը դա չօգտագործեց»:
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածն իսկապես հակասահմանադրական չէր. «Ես այն ժամանակ էլ, երբ օմբուդսմենը դիմեց Սահմանադրական դատարան, ասացի, որ հակասահմանադրական ճանաչելու խնդիր, որպես այդպիսին, չկա, ուրիշ բան, որ այդ հոդվածը պետք է հիմնովին բարեփոխել, հստակեցնել դրույթները եւ ամենակարեւորը՝ իջեցնել փոխհատուցման վերին շեմը»:
Սահմանադրական դատարանի որոշումն ավելի շատ ուղեցույց է դատարանների համար եւ պարոն Մելիքյանի կարծիքով, եթե մեր դատարանները հաշվի առնեն այն, իրավիճակը գուցեեւ փոխեն. «Ուղղակի ես խիստ կասկածում եմ, որ դատարաններն ի վիճակի են ճկուն ու միանգամից արձագանքել այդ ամեն ինչին: Պետք է դիմել Ազգային ժողով ու շատ արագ հոդվածը փոփոխել, բայց այս իրավիճակում, երբ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների, չգիտեմ, հնարավորություն կլինի՞ անել դա»:
Մեր հարցին, գուցե պետք է օգտվե՞լ նախընտրական այս շրջանից, երբ ԶԼՄ-ները մեծ զենք են եւ արագ կազմակերպել հոդվածի փոփոխությունը՝ պարոն Մելիքյանը պատասխանեց. «Վիճակն այնքան սուր է, այնքան տագնապալի է, որ եթե սթափ մոտենանք այդ ամեն ինչին, նույնիսկ ընտրությունների նախապատրաստական փուլը պետք է որ չխանգարի դրան, պետք է հաշվի առնելով այդ ամենը՝ պատգամավորներն ուշադրություն դարձնեին ու արագացնեին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ