ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի Հայաստանի 6 մարզերում։ Պաշտպանը եւ իր անձնակազմը քաղաքացիներին կընդունեն նոյեմբերի 17-ին Կապանում, նոյեմբերի 18-ին՝ Եղեգնաձորում, նոյեմբերի 22-ին՝ Գյումրիում, նոյեմբերի 24-ին՝ Իջեւանում, նոյեմբերի 25-ին՝ Վանաձորում, նոյեմբերի 29-ին՝ Գավառում։
Պաշտպանը նախատեսում է նաեւ 2012թ. հիմնել մարզային գրասենյակներ։ Այս այցելությունների շղթան կծառայի նաեւ որպես այդ նախաձեռնությունն իրականացնելու նախապատրաստական փուլ, որի ընթացքում կկատարվի 6 մարզկենտրոններում բացվելիք մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչությունների համար աշխատակազմի հավաքագրում ու գրասենյակային տարածքների ընտրություն։
Պաշտպանի այցի շրջանակներում կազմակերպվելու են նաեւ կլոր սեղաններ հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացվելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին