Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպառողների միության նախագահ. «Քրիստոսի 2-րդ գալստյան ժամանակ նոր կունենանք նորմալ տրանսպորտաշրջանառություն»

Նոյեմբեր 16,2011 14:58

Առաջին ձյունը եկավ, իսկ մեր տրանսպորտը դեռ անմարդկային պայմաններում է կատարում ուղեւորափոխադրումներ: Մի շարք երթուղագծերի միկրոավտոբուսներ, մեղմ ասած, տեխնիկապես վատթարագույն վիճակում են: Այսօր «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը կրկին անդրադարձավ հասարակական տրանսպորտի խնդիրներին: Ոլորտի խնդիրները թեթեւացնելու համար նա առաջարկում էր էլեկտրատրանսպորտի շահագործմանը զարկ տալ. «Ժամանակին մեր երկիրը ծախսել է 387 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա էլեկտրատրանսպորտի շահագործման համար, իսկ հիմա ընդամենը 100 միլիոնի է ծախսում, այնինչ՝ տրամաբանությունը հուշում է, որ պետք է այդ թիվը կրկնապատկվեր»:

Ըստ նրա, էլեկտրատրանսպորտի շահագործումը ամեն տարի 4-5 %-ով նվազում է. «Պարզապես մենք եւս մեկ անգամ քաղաքային իշխանությանն ենք դիմում, որ ուշադրություն դարձվի էլեկտրատրանսպորտին եւ դրա զարգացմանը, որպեսզի մենք չշարունակենք երթեւեկել անմարդկային պայմաններում»:

Ըստ նրա, բնապահպանական, տնտեսական, սոցիալական եւ ամենակարեւոր՝ արժանապատվության առումով շատ ձեռնտու է էլեկտրատրանսպորտի զարգացումը. «Մետրոյի կանգառներն առնվազն 2-ով պետք է ավելացնել»: Aravot.am-ի հարցին, թե սպառողների պաշտպանն իրատեսակա՞ն է համարում, որ մետրոն շուտով կհասնի մինչեւ օդանավակայան,  պարոն Պողոսյանը պատասխանեց. «Շատ կուզեի, որ իրատեսական լինի, բայց դա մեծ ծրագիր է եւ շատ ծախսատար: Չեմ կարծում, որ մոտ ժամանակում իրագործվի»:

Խոսելով միկրոավտոբուսներից, նա նշեց, որ դրանց նոր խմբաքանակները դեռ շարունակում են գալ, չնայած՝ դրանք պետք է փոխարինվեին ավտոբուսներով. «Շարքից դուրս եկողները պետք է դուրս գան եւ մարդավայել տրանսպորտ մտցնեն՝ մեծ ավտոբուսներ: Երեւան քաղաքի գլխավոր հատակագծում, որն ունի օրենքի ուժ՝ նշված է, որ միկրոավտոբուսների քանակն ընդհանուր տրանսպորտաշրջանառության մեջ պետք է լինի 19.2%: Վերջին 2-2.5 տարվա մեջ դրանց քանակը 90%-ից իջել է 75-80%: Այս տեմպով մենք Քրիստոսի 2-րդ գալստյան ժամանակ նոր կունենանք նորմալ տրանսպորտաշրջանառություն»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930