«Առավոտ երիտասարդականի» հետ զրուցելիս ԱԺ պատգամավոր ԲՀԿ երիտասարդության միության անդամ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենց կազմակերպությունում անդամագրված երիտասարդներն ոչնչով չեն տարբերվում մյուսներից: «Մենք բոլորս ՀՀ քաղաքացի ենք եւ միայն կարող ենք մեր քաղաքական հայացքներով տարբերվել»,- ասաց նա: Պատգամավորի խոսքերով՝ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ակտիվ մասնակցի եւ կարծիք հայտնի մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «Մենք մեր կուսակցության շարքերում միշտ ազատ ենք թողնում երիտասարդներին, որպեսզի հենց իրենք առաջարկեն, թե ինչ ձեւաչափով անցկացվեն մեր ծրագրերն ու միջոցառումները»,- հայտնեց Վ. Էնֆիաջյանը: Նա վերջերս նամակով դիմել էր պետական բուհերին` պահանջելով ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած սոցիալապես անապահով երկու ուսանողի տվյալներ՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից անվանական կրթաթոշակներ տրամադրելու համար: Դիմումն անպատասխան էր մնացել, մեր հարցին, թե ինչ է մտածում երիտասարդ ԲՀԿ-ական պատգամավորն այդ մասին, ասաց. «Ոչ մի ստույգ պատասխան չեմ կարող տալ, մենք դեռ կպարզենք` ինչումն է խնդիրն եղել»:
Ռուբինա Սաֆարյան