ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ վերցվել կադրերի տրամադրության տակ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Բադաչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա շարքային վարորդների մոտ հայտնի է որպես «համարի գործ անող», իսկ նրա մականնունն է «Գոլդ Բադաչ», քանի որ իր աշխատասենյակում միշտ ունեցել է ավտոմեքենաների «գոլդ» համարանիշներ: Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Արթուր Տոնոյանը: Վերջինս ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության քննական հաշվառման բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, զբաղեցրած պաշտոնից ազատվել ու կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանը:
Աշխատանքից ազատվել է նաեւ ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մանվել Անդրեասյանը:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել ու կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Առաքելյանը: Նրա փոխարեն Մասիսի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը` ազատվելով նույն բաժնի անչափահասների բաժանմունքի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչպես նաեւ նույն վարչության 3-րդ վարչության պետ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, լուծարվել է ոստիկանության գեներալ-մայոր Էդիկ Ղազարյանի պայմանագիրը: Էդիկ Ղազարյանը նախկինում ոստիկանության շտաբի պետն էր եւ ՀՀ ոստիկանապետի խորհրդականը եւ ոստիկանությունում ավելի շատ հայտնի է համակարգում մարդկանց իրար դեմ հանելու մեծ վարպետությամբ, որին համակարգում անվանում են նաև «Ծերունի Խոտաբիչ»:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ