Միլանոյի բժշկական եւ վիրաբուժության համալսարանի մանկաբույժները երեխայի ապագայում ունենալիք հասակը պարզելու համար մշակել են շատ հետաքրքիր մեթոդ, որն իրականացնելու համար պարզապես պետք է երեխայի հոր հասակին գումարել մոր հասակը, այնուհետեւ ստացած գումարը բաժանել երկուսի: Եթե երեխան տղա է՝ ստացած գումարին պետք է ավելացնել 6,5 սմ, իսկ եթե աղջիկ՝ նվազեցնել 6,5: Այսպես, օրինակ՝ եթե երեխայի հոր հասակը 180 սմ է, իսկ մորը՝ 166 սմ, այդ երկու միավորները պետք է գումարել (180+166=346սմ)՝ վերջին արդյունքը բաժանելով 2-ի (346:2=173 սմ): Տղա երեխայի դեպքում վերջնական գումարին հարկավոր է ավելացնել 6,5 (173սմ +6,5=179,5 սմ), իսկ աղջկա դեպքում՝ նվազեցնել 6,5 միավոր (173-6,5=166,5 սմ):
Կյանքի ընթացքում կարող են ի հայտ գալ տարբեր գործոններ (գենետիկան կամ արտաքին միջավայրի գործոն)՝ ազդելով երեխայի աճի վրա, սակայն այդ հանգամանքը չի խոչընդոտում երեխայի վերջնական հասակը որոշելու գործում: Հասակի առավելագույն միավորն իմանալու համար հաշվարկից ստացված վերջնական արդյունքին պետք է գումարել 5,5 սմ, իսկ նվազագույնի համար՝ հանել 5,5 սմ: Մեր օրինակից հասկանալի դարձավ, որ ապագայում տղա երեխայի հասակը կհասնի 179,5 սմ-ի, որին կգումարվի 5,5 եւ կստացվի 185 սմ: Փաստորեն, անկախ ամեն ինչից, տղայի հասակը չի գերազանցի 185 սմ-ը: Իսկ նվազագույն հասակը բացահայտելու համար պետք է կատարել հետեւյալ հաշվարկը՝ 179,5-5,5=174 սմ: Սա նշանակում է, որ անկախ գործոններից, տղա երեխայի նվազագույն հասակը կլինի 174 սմ: Աղջիկ երեխայի դեպքում հաշվարկը պետք է կատարել այսպես՝ 166,5+5,5=172 սմ, որը ցույց է տալիս, որ երեխայի հասակը չի գերազանցի 172 սմ-ը: Իսկ նվազագույն հասակն իմանալու նպատակով հաշվարկը պետք է կատարել այսպես՝ 166,5–5,5=161 սմ: Մասնագետները համոզված են, որ այս մեթոդով կարելի է ճշգրիտ հաշվարկներ կատարել՝ ոչ միայն երեխայի հասակը, այլեւ շատ այլ բաներ պարզելու համար, սակայն որքանով են այդօրինակ հաշվարկներն իրականությանը համապատասխանում՝ ոչ ոք չի կարող ասել:
ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ