Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները բնապահպանական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին ահազանգում են, որ իրենց համայնքի մերձակա անտառների լայնածավալ հատումների արդյունքում կարող են մնալ առանց խմելու ջրի:
«Էկոլուր» կազմակերպության հետ զրույցում Աչաջրի բնակիչ Յուրի Միրզոյանն ասել է. «Մեր գյուղի խմելու ջրի աղբյուրի, ջրագոյացման ավազանների շուրջ գոնե չհատվեր անտառը, որովհետեւ էկոլոգիական աղետ է սպառնում: Խմելու ջրի խնդրի առաջ կկանգնենք: Արդեն պրոբլեմը կամաց ի հայտ է գալիս: Եթե անտառի պահպանությունը համայնքին տրվեր, անտառը անխնա չէր հատվի: Համայնքի վերահսկողության ներքո երեւի թե հիսուն տոկոսով հատումը կդադարեր: Հիմա անխնա են հատում: Մենք` տեղացիներս, որեւէ իրավասություն չունենք նրանց ձեռքը բռնելու: Հատողներն էլ են իրենք, ստուգողներն էլ են իրենք, տանողներն ու վերավաճառողներն էլ»:
Գյուղի բնակիչներն ասել են նաեւ, որ անտառահատման պլանները չեն համապատասխանում իրական հատումների ծավալներին:
Աչաջուրցիները առաջարկում են որ ստեղծվի որեւէ ձեռնարկություն, որը գյուղին կապահովի աշխատանքով, իրենք կզբաղվեն անտառային հատապտուղների վերամշակմամբ եւ դեղաբույսերի հավաքմամբ ու անտառն էլ այսպես անխնա չի հատվի: