Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-ն որոշեց հայկական ֆուտբոլի ապագան

Նոյեմբեր 16,2011 13:34

Լուսանկարը՝ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Ռուսական հոկեյի՝ վերջին տարիների քննարկման թիվ մեկ խնդիրն արտասահմանցի դարպասապահների բացարձակ լիմիտն էր: Մինչ օրս էլ այդ հարցը բուռն քննարկումների կենտրոնում է: Հայաստանում հոկեյն առհասարակ խնդիր է՝ անկախ խաղացողի դիրքից: Փոխարենը՝ վերելք է ապրում ֆուտբոլը: Սակայն այստեղ էլ Իռլանդիայի հետ վերջին հանդիպումը ջրի երես հանեց այն, ինչի մասին մարդիկ խուսափում էին խոսել. հայկական ֆուտբոլն ունի դարպասապահի խնդիր: Դե ֆակտո՝ հայկական ֆուտբոլն այսօր 37-ամյա Ռոման Բերեզովսկու սեյվերի ու աչալրջության հույսին է: Հորիզոնում, անգամ հեռվում, չի նշմարվում գոնե մեկը, ում Բերեզովսկին կկարողանար «ժառանգել» իր դիրքը: Էլ չենք խոսում հավասարազոր փոխարինումների մասին: Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի թե չեմպիոնն ու թե երրորդ մրցանակակիր «Գանձասարն» իրենց զբաղեցրած տեղերով պարտական են առաջին հերթին իրենց դարպասապահներին: Այս երկու թիմերն ամենից քիչ գնդակ են բաց թողել 2011-ին, իսկ դարպասներում մի դեպքում ռուս Վլադիմիր Մալկովն էր կանգնած, իսկ մյուսում՝ վրացի Լեւան Բուբուտեիշվիլին… Բացի այդ, «Բանանցի» հիմնական դարպասապահը ուկրաինացի Դմիտրո Նեպոգոդովն էր, «Շիրակինը»՝ Իգոր Լոգվինովը՝ ողջ մրցաշրջանի ընթացքում ու Գելա Ձամունաշվիլին՝ մրցաշրջանի սկզբում, «Արարատում» մրցաշրջանի մի մասը դարպասը պաշտպանեց կոտդիվուարցի Ակպա Ֆոլի Ժեռուն:

Հայաստանի 20-րդ առաջնությունում միայն երեք թիմ՝ «Փյունիկը», «Իմպուլսն» ու «Միկան» են ձեռնպահ մնացել իրենց կազմում լեգեոներ դարպասապահ ունենալուց: Այսքանից հետո ավելի քան պարզ է, թե ինչու մենք չունենք ու ինչու չենք կարող առաջիկայում ունենալ հավաքականին արժանի դարպասապահ: Երբ պարզ ու ձեւակերպված է խնդիրը, ցանկության դեպքում լուծումը շատ ավելի հեշտ է գտնել: Այդպես էլ այս պարագայում եղավ:

Նոյեմբերի 14-ին կայացած ՀՖՖ գործկոմի հերթական նիստի ժամանակ գործադիր կոմիտեն որոշում ընդունեց. ամբողջությամբ սահմանափակել օտարերկրյա դարպասապահների մասնակցությունը ՀՀ առաջնություններում՝ սկսած 2012թ. մրցաշրջանից: Պարզից էլ պարզ է, որ այս որոշումն անցավ չի անցնի: Առնվազն կարելի է ենթադրել, որ առաջիկա մեկ-երկու մրցաշրջաններում հայկական ակումբային ֆուտբոլն էապես տուժելու է: Փոխարենը՝ մի քանի տարի հետո կարող ենք մրցունակ դարպասապահների սերունդ ակնկալել, ինչը, անխոս, դրական ազդեցություն կունենա թե հավաքականի ու թե ազգային առաջնության համար: Ի դեպ, ՀՖՖ գործկոմի այս հիմնաքարային որոշումն իր տեսակի մեջ միակը չէր նիստում: Որոշվեց, որ կփոփոխվի բարձրագույն խմբի առաջնության անցկացման կարգը. 2012-2013թթ. առաջնությունը կանցակացվի որպես անցումային առաջնություն, որը կմեկնարկի եկող տարվա մարտին ու կավարտվի 2013-ի մայիսին, իսկ արդեն հաջորդ առաջնությունը կսկսվի 2013 թվականի օգոստոսին ու կավարտվի 2014-ի մայիսին: Թե որքանո՞վ է այդ որոշումն արդարացված՝ երկար կարելի է վիճել ու բերել թե կողմ ու թե դեմ փաստարկներ, բայց փաստն այն է, որ որոշումն ընդունված է ու առաջիկա երկու-երեք տարիներին դա է լինելու հայկական ակումբային ֆուտբոլի ռիթմը: Մնում է հուսալ, որ ամեն ինչ կընթանա լավագույն սցենարով: Ինչ վերաբերում է լավագույններին՝ ՀՖՖ վերոնշյալ նիստի ընթացքում որոշում ընդունվեց. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում առաջին երեք տեղերն զբաղեցրած ֆուտբոլիստներին պարգեւատրել, համապատասխանաբար, «ոսկե», «արծաթե» ու «բրոնզե» խաղակոշիկ մրցանակներով, ինչպես նաեւ՝ սահմանել պարգեւավճար, համապատասխանբար, $10000, $7000 եւ $5000 համարժեք դրամի չափով: Որոշվել է նաեւ փոփոխել մրցույթի անցկացման կարգը, սակայն ի՞նչ կերպ այն կընթանա, դեռ պարզ չէ:

Ի դեպ, ՀՖՖ գործկոմը սահմանել է նաեւ բարձրագույն խմբի առաջնության հաղթող թիմի համար 10 միլիոն դրամի պարգեւավճար: Առանց ֆինանսական պարգեւի չի մնա նաեւ ՀՀ գավաթի խաղարկության հաղթողը: Վերջինիս մրցանակը 6 միլիոն դրամ է:

Այսպիսով, Հայաստանի համար մեծ գումարներ են ֆուտբոլի համար սահմանվում: Իսկ դա արդեն լուրջ շարժառիթ կարող է հանդիսանալ՝ աչքի ընկնելու, գերազանցելու, լավագույնը լինելու կամ դառնալու համար:

 ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930