ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը բարձրաձայնում է սովորողի՝ օրենքով տրված իրավունքի ոտնահարման մասին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ապօրինի է համարում դպրոցներում կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններն արգելելը: Վկայակոչելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, նա ասում է. «Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական եւ (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ այլ ծառայություններ՝ համաձայն իր կանոնադրության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի: Սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին՝ կամավոր է եւ իրականացվում է ուսումնական հաստատության ու ծնողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձեւը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»:
Տիկին Բախշյանը, հղում անելով օրենքին, նշում է, որ ուսումնական հաստատությունները կարող են լրացուցիչ ծրագրեր իրականացնել, որոնք նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների եւ կրթական պահանջմունքների բավարարմանը: Նրա խոսքով, երբ ընդունվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, ԿԳ նախարարությունն էլ սկսեց հաստատել օրենքից բխող կարգերը, որոնցից մեկով հանրակրթական ծրագրերի շրջանակում լրացուցիչ վճարովի կրթություն անցկացնելը ընդհանուր առմամբ թույլ տրվեց, բացի հանրակրթական ծրագրերից: «Դա օրենքի կոպտագույն խախտում է: Թույլ են տալիս պար, երգ, այս ու այն, բայց եթե ծնողն ուզում է, որ իր երեխան խորանա, օրինակ, լեզվի մեջ եւ պատրաստ է դրա համար վճարել, արգելում են՝ ասելով, որ կոռուպցիա է: Ստացվում է՝ եթե կոռուպցիոն երեւույթների դեմը չենք կարողանում առնել, արգելում ենք այն իրավունքը, որը օրենքով տրված է երեխային»,- ասում է ԱԺ պատգամավորը: Հանրակրթական ուսումնական հաստատությունները օրենքով պարտավոր են սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացներ կազմակերպել՝ ըստ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետի, որտեղ փաստվում է, որ սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը հանրակրթական ուսումնական հաստատության պարտավորությունն է: Հոդված 20-ի համաձայն էլ, սովորողն իրավունք ունի ծնողի համաձայնությամբ ընտրել հաստատությունը, ուսուցման ձեւը եւ այլն: ԿԳՆ կարգով, սակայն, դա արգելվել է՝ նկատում է Անահիտ Բախշյանը եւ հավելում, որ դրանից օգտվելով, դպրոցների տնօրենները գռեհիկ ձեւով ուսուցիչներին սկսել են արգելել պարապել, արդյունքում ուսուցիչն էլ տանն է պարապում՝ դրանով զրկելով դպրոցին լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունից: «Օրինակ, թիվ 27 դպրոցում պահակին հանձնարարված է կոնկրետ ուսուցչի ներս չթողնել շաբաթ օրերին… Բազմիցս ասել եմ ու էլի եմ կրկնում՝ սովորողն իրավունք ունի ստանալ վճարովի կրթական ծառայություններ՝ հատկապես հանրակրթական ծրագրերի շրջանակներում, եւ ոչ մեկն իրավունք չունի արգելել դա, եթե կամավորութան սկզբունքով է արվում, տնօրենն էլ ամեն ինչ ճիշտ է կազմակերպում: Պետք է խոստովանել, որ եթե չլինեն լրացուցիչ պարապմունքները, մեր կրթության որակը շատ ավելի ցածր կլինի»,- համոզված է մեր զրուցակիցը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ