Ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Պապյանն իր համար այլ կարգավիճակ է պատկերացնում
1989թ. այս օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ռոզինայի դերերգով (Ռոսինի՝ «Սեւիլյան սափրիչ») առաջին անգամ հայ հանդիսատեսը ծանոթացավ այսօր արդեն ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Պապյանին: Ներկայացումից հետո մասնագետների ու օպերային արվեստի սիրահարների «մտատանջությունը», թե երիտասարդ երգչուհին երկար չի մնա մեր թատրոնում, կհասնի «Մետրոպոլիտեն», «Լա Սկալա» եւ այլ հեղինակավոր թատրոններ, իրականություն դարձավ: 1991թ. սկսվեց արվեստագետի հաղթարշավը արեւմտյան հեղինակավոր համերգասրահներում ու օպերային թատրոններում: Տարիներ անց, Վիեննայում, ուր բնակվում է մինչ օրս, հանդիպեց դրամատուրգ Քոնրադ Քուհնին, ընտանիք կազմեց ու կյանք տվեց Սիրանույշ դստերը: Ի տարբերություն արտերկրում ստեղծագործող իր որոշ նախկին կոլեգաների, երգչուհին հաճախ է լինում Երեւանում, հանդես գալիս ինչպես համերգային կատարումներով, այնպես էլ դերերգերով:
Այսօր Ազգային օպերային թատրոնում Հասմիկ Պապյանը իր բեմական գործունեության 25-ամյակը նշում է Անուշի դերերգով՝ Ա. Տիգրանյանի համանուն օպերայում: Անկասկած, ոգեւորված են ՀՀ ժողովրդական արտիստուհու երկրպագուները, թեեւ նրանց մեծ մասը ակնկալում էր երգչուհու մենահամերգը, որտեղ ավելի մեծ հնարավորություն կունենար հիանալի սոպրանոյի կատարմամբ վայելելու համաշխարհային օպերային գրականության նմուշներ: Երկրպագուներից ոմանք էլ կատակում են, թե երգչուհին ընտրել է ազգային օպերան, հավանաբար այդպես արդարացնելով հայրենիքից հեռու գտնվելը:
Նախօրեին «Անուշի» փորձին «Առավոտը» հանդիպեց Հասմիկ Պապյանին եւ Յուրի Դավթյանին: Վերջինս կղեկավարի ներկայացումը: Նույն դիրիժորն էլ 1989-ին ղեկավարել է «Սեւիլյան սափրիչը» ներկայացումը, եւ ինչ-որ առումով հանդիսացել երգչուհու «կնքահայրը»: «Հասմիկի դեպքում չես կարող մտաբերել այնպիսի մի օրինակ, որի մեջ նշմարվի որեւէ նահանջ երգչուհու կատարողական խստապահանջության սկզբունքներից: Նրա արտիստական եռանդին մշտապես զուգակցվում են արվեստի հմայիչ ուժը, իսկական բարձր ներշնչումը, նուրբ ճաշակը: Հասմիկը կարծես Ստանիսլավսկու խոսքերով է առաջնորդվել ավելի քան երկու տասնամյակ, այն է՝ սիրիր արվեստը քո մեջ եւ ո՛չ քեզ՝ արվեստում: Հետեւելով երբեմնի ուսանողուհուս արտերկրյա գործունեությանը, նշեմ, որ նա մշտապես օպերային ու համերգային բեմերում է, մի խոսքով՝ շատ է երգում, ինչը անընդհատ աճող արտիստուհու կենսական պահանջ է»,- ասաց Յու. Դավթյանը:
Հասմիկ Պապյանի հետ կարճատեւ զրույցը սկսեցինք օրերս օպերային ճանաչված բաս Բարսեղ Թումանյանի հայտնած այն մտքով, թե մեր թատրոնին հզոր անհատականություններ են պետք: Իսկ երգչուհին երբեւէ չի՞ մտածում մշտապես հայրենիք վերադառնալու մասին: «1990թ. Երուսաղեմում Սիլվա Կապուտիկյանը ինձ նվիրեց գիրք՝ հետեւյալ մակագրությամբ՝ ուր որ գնաս, թող ելակետդ լինի Հայաստանը: Այնքանով եմ ինձ հանգիստ զգում, որ տուն վերադառնալու յուրաքանչյուր առիթ բաց չեմ թողնում: Այսինքն՝ գոնե վերջին շրջանում ամեն տարի հանդիպել եմ հանդիսատեսիս հետ»,- ասաց երգչուհին: Ինչ վերաբերում է մշտապես Հայաստան վերադառնալուն, Հ. Պապյանի խոսքերով՝ ինքն իր ապագան տեսնում է հայրենիքում, գուցե այլ կարգավիճակով: Այս պահին դա չի կարող իրագործել ամուսնու մասնագիտական զբաղվածության եւ դստեր ուսումնառության պատճառով:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ