Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ ճարտարապետները էլի կհամախմբվեն

Նոյեմբեր 16,2011 13:22

Քննադատությունն անտեսող Նարեկ Սարգսյանը հրաժարական տվեց գովասանքներից հետո

Երեկ Երեւանում ցնցող բան տեղի ունեցավ. Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի ընդլայնված նիստում հրաժարական տվեց խորհրդի նախագահ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հրաժարականը Հայաստանի քաղաքական հրաժարականների հետ ոչ մի կապ չունի: Ինչպես հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արդեն տեւական ժամանակ է, ինչ Նարեկ Սարգսյանը առաջարկում է ընդունել իր խնդրանքը՝ թողնել, որ թողնի հեռանա, բազմազբաղ է, չի հասցնում: «Պետք չէ ինձ հարգել, իմ խնդրանքը հարգեք»,- հայտարարեց Նարեկ Սարգսյանը: Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհուրդը հարգեց: Այսուհետ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցությունը կունենա համանախագահներ, մեկը՝ Սփյուռքից, մյուսը՝ Հայաստանից: Սփյուռքից կազմակերպության աշխատանքները կհամակարգեն Քաթարում ապրող Վահե Թութունջյանն ու նրա կինը, իսկ Հայաստանից՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Սփյուռքի նախարարը նոր ղեկավարներին հորդորեց ներուժի էլ ավելի լավ համախմբման համար ընկերակցության նոր մասնաճյուղեր բացել հայաշատ երկրներում: Այսօր ընկերակցությունը 24 մասնաճյուղ ունի:

Նարեկ Սարգսյանի հասցեին Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի նիստում ոչ մի թթու խոսք չասացին: Հակառակը՝ ճարտարապետները գովեցին, որ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության ստեղծումից՝ 2009 թվականից ի վեր սեփական ճարտարապետական արվեստանոցի միջոցներով է համակարգել ընկերակցության աշխատանքը: Նարեկ Սարգսյանի հասցեին միակ քննադատությունը հենց Նարեկ Սարգսյանի շուրթերից լսվեց: Նա ասաց, որ դեռ վստահություն չկա սփյուռքահայ եւ տեղացի ճարտարապետների միջեւ, վստահություն հաստատելու համար երկար տարիներ ու մեծ ջանքեր են պետք:

2009-ի ապրիլին, երբ ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով եւ պետության 2,8 միլիոն դրամով կազմակերպվեց Ճարտարապետների համահայկական առաջին համաժողովը՝ «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» խորագրով, ռուսաստանցի ճարտարապետներ Հրաչյա Արմենակյանը եւ Կարեն Բալյանը դժգոհել էին Երեւանի այսօրվա տեսքից: Հրաչյա Արմենակյանն ասել էր. «Ինձ շատ են դուր գալիս մեր մայրաքաղաքի նորակառույցները, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտան: Սակայն քաղաքում առանց այդ էլ քիչ են ծառերը, իսկ եղածներն էլ հատվում են: Կարծում եմ՝ դա լուրջ խնդիր է Երեւանի համար»: Իսկ Կարեն Բալյանն էլ նշել էր, որ Երեւանը վերջին ժամանակներս փոխվել է: «Մայրաքաղաքում տիրող քաոսը ապօրինի կառույցների հետեւանք է: Երեւանը կորցրել է սիմետրիան: Դա մայրաքաղաքի արհեստական աճի հետեւանք է» («Առավոտ», 22 ապրիլ, 2009՝ «Սփյուռքահայ ճարտարապետները հիացած չեն», https://www.aravot.am/old/am

/articles/regions/ 59511/ view): Սրանից հետո մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ հետեւություն եք անելու սփյուռքահայերի քննադատությունից, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ասաց. «Ես կարծում եմ՝ պետք է հարցը ուրիշ կերպ ձեւակերպել: Խոսքը չի գնում հետեւություններ անելու մասին: Ֆորումի նպատակն այն է, որ մեր գործընկերների աչքերով Երեւանը ընկալելը մեզ կօգնի կողքի աչքերով հասկանալ, ի վերջո, ուր ենք հասել: Այդ կարծիքները մեզ հնարավորություն կտան շատ ավելի զգոն լինել: Սխալներ եղել են բոլոր ժամանակներում», ու հավելեց, որ իրենք աշխատաժամանակի 95%-ը ծախսում են Երեւանին ոչ հարիր շինությունների կառուցումը թույլ չտալու վրա: Այս աշխատանքը, սակայն, չի երեւում, բայց երեւում են այն անհաջող շինությունները, որոնց դեմն առնել չի հաջողվել («Առավոտ», 24 ապրիլ 2009՝ «Ընդամենը կողքի աչք», https://www.aravot.

am/old/am/articles/regions/59695/view):

Սրանից հետո ինչու սփյուռքահայ ճարտարապետը պետք է հարգի կամ վստահի իրեն ընդամենը կողքի աչք համարողին՝ ոչ այնժամ, ոչ երեկ հրաժարական տալիս Նարեկ Սարգսյանը չասաց, բայց հիշեցնենք՝ նկատեց, որ սփյուռքահայ եւ տեղացի ճարտարապետների միջեւ վստահություն հաստատելու համար երկար տարիներ ու մեծ ջանքեր են պետք:

Ճարտարապետների համահայկական առաջին համաժողովին մասնակցել է 100 սփյուռքահայ ճարտարապետ՝ աշխարհի 15 երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա եւ այլն: Երկրորդ համաժողովը նախատեսվում է եկող տարի: Կգան՝ կտեսնենք, թե ով ինչպես է վերաբերվում Նարեկ Սարգսյանի գնահատականներին: Բայց քանի դեռ նա է Երեւանի գլխավոր ճարտարապետը, չկա երաշխիք, որ նորից չի նեղացնի սփյուռքահայ ճարտարապետներին («Առավոտ», 11 մարտ 2011՝ «Երկրորդ համաժողովին ընդառաջ»:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930