Հասարակական դիրքը ազդում է փոխհատուցման վրա
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում սկսվեց եւ ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի քննությունը:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դատարան էր ներկայացել 2 ներկայացուցչի հետ, իսկ Ազգային ժողովը ներկայացնում էր այս գործով պատասխանող ճանաչված Անի Մխիթարյանը:
Կարդացեք նաև
Կարեն Անդրեասյանը վիճարկում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգի եւ պայմանների՝ ՀՀ Սահմանադրության 14. 27 եւ 43 հոդվածներին համապատասխանության հարցը:
Սահմանադրության նշյալ հոդվածներով սահմանված էր, որ յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության իրավունք, եւ որ երաշխավորվում է լրատվամիջոցների ազատությունը:
Ուշագրավ է, որ դատական դռնբաց նիստին հիմնականում հետեւում էին տպագիր մամուլի ներկայացուցիչները, ընդհանրապես լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ չկային, էլ չենք խոսում իրավապաշտպան կազմակերպությունների մասին:
Ի դեպ, «Առավոտի» դեմ հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Մուրադ Ասրյանն էլ մեր ներկայացուցչի՝ փաստաբան Կարեն Մեժլումյանի հետ հետեւում էր ՍԴ նիստի ընթացքին:
Ըստ Կարեն Անդրեասյանի, «վիրավորանք» եւ «զրպարտություն» հոդվածների ապաքրեականացումից հետո, երբ խոսքի համար քրեական հետապնդման չէին ենթարկվում լրատվամիջոցները, 2007թ. քաղաքացիական օրենսգրքում սահմանվեցին հասկացություններ, որոնք այսօր անորոշ են եւ դատարանների կողմից տարբեր կերպ են ընկալվում: Նա ասաց, որ իր տրամադրության տակ գտնվող դատական ակտում «զրպարտությունը» դիտվել է «վիրավորանքի 1-ին փուլ»: Կարեն Անդրեասյանն ասաց. «Իրականում 2010թ. ՀՀ ընդունված օրենքը բառացի կատարումն էր ԵԽԽՎ 1577 բանաձեւի ընդհանուր պահանջների»: Թե որքանով իրականացվեց այդ հստակ սահմանումը, պաշտպանը բերեց օրինակներով:
Մասնավորապես, պաշտպանի դիտարկմամբ, քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածը «պարունակում է մի շարք դրույթներ, որոնք գնահատման հայեցողության չափազանց լայն շրջանակ են տալիս դատարաններին»: Խոսքը «վիրավորանք», «զրպարտություն», «ստույգ փաստ», «հրապարակային արտահայտություն», «արատավորող», «արատավորելու նպատակով», «գերակա հանրային շահ», «ոչ ողջամիտ գործողություն», «վարույթի մասնակից», «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցում», «տեղեկատվության աղբյուր», «ողջամիտ ծախսեր»… դրույթների մասին էր:
Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ դրույթները իրավական անորոշության են հանգեցնում:
Առանձին խոսակցություն ծավալվեց «հրապարակային արտահայտության», որը հաճախ որակվում է որպես «հրապարակային վիրավորանք», եւ «զրպարտություն» բառակապակցությունների շուրջ:
Օմբուդսմենը տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանը սահմանել է հետեւյալը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատողական դատողությունները ապացուցելի չեն»:
Բերվեցին ԵԴ բազմաթիվ օրինակներ՝ նախադեպային գործերից: ԱԺ ներկայացուցչի կարծիքով, օրենսգիրքը նշյալ հոդվածով համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, իսկ «գերակա շահ», «հրապարակային» եւ այլ հասկացությունները չեն կարող մեկնաբանությունների տեղիք տալ:
Առանձին քննարկման նյութ դարձավ փոխհատուցման պահանջի մասին հարցը, մասնավորապես՝ ՍԴ անդամներին հետաքրքրում էր, թե ինչպես են սահմանվել փոխհատուցման չափորոշիչները՝ «բարձրագույն շեմը», այսինքն՝ վիրավորանքի համար՝ 1 մլն դրամը, զրպարտության համար՝ 2 մլն պահանջելը: «Կոնկրետ գործով, փոխհատուցման չափը որոշելիս, ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ վերաքննիչ դատարանները հիմք են ընդունել հայցվորների հասարակական կյանքում զբաղեցրած դիրքը՝ դրա հիման վրա սահմանելով զրպարտության համար օրենքով նախատեսված առավելագույն փոխհատուցման չափը: Ի տարբերություն մասնավոր անձանց, քաղաքական գործիչները անխուսափելիորեն եւ գիտակցաբար բաց են իրենց խոսքի եւ արարքի մանրակրկիտ քննարկման համար՝ ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից: Հետեւաբար, պետք է դրսեւորեն հանդուրժողականության առավել բարձր աստիճան»,- ասաց Կ. Անդրեասյանը: Պաշտպանը կարծում էր, որ չի կարելի արժանապատվությունը պաշտպանելով՝ վտանգել խոսքի ազատությունը:
Ի վերջո, Սահմանադրական դատարանը որոշեց, որ հիշյալ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը: ՀՀ ՍԴ-ն նաեւ իրավական դիրքորոշում է արտահայտել փոխհատուցման՝ առավելագույն սահմանի նվազեցման առումով, վերանայման անհրաժեշտության վերաբերյալ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ