«Հիմնադրման իսկ օրվանից ԲՀԿ երիտասարդների միությունն ակտիվ գործունեություն է ծավալել` մասնակցելով կուսակցության նախաձեռնած միջոցառումներին եւ ստեղծելով սեփական նախաձեռնությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորի խոսքերով` իրենք ձեւավորել են լավագույն ավանդույթներ, որոնցից է նաեւ Մարզահամերգային համալիրում կայանալիք տոնական համերգով ամփոփվող ուսանողության միջազգային օրը:
Ըստ Էնֆիաջյանի, այսօր ուսանողների համար հրատապ է ուսման վարձի խնդիրը. «Պետք է այնպիսի համակարգ մշակել, որ ուսման վարձը փոխհատուցվի հիփոթեկային վարկի միջոցով, իսկ ավարտելուց ու աշխատանքի անցնելուց հետո ուսանողը կկատարի իր վճարումները»:
Պատգամավորը հավելեց, որ գրադարանների գրականությունը հնացել է, մինչդեռ ժամանակակից աշխարհի մասնագիտությունները փոխվում են:
ԲՀԿ երիտասարդների միության նախագահը շնորհավորեց ուսանողներին նոյեմբերի 17-ի ուսանողության տոնի առթիվ եւ ցանկացավ, որ նրանց ստացած գիտելիքներն օգտակար լինեն ու նպաստեն Հայաստանի զարգացմանը:
Կարդացեք նաև
Վաղը երեկոյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անվանական կրթաթոշակ կստանան սոցիալապես անապահով, բայց ուսման բարձր առաջադիմություն ունեցաղ 300 ուսանող: Ժամը 18-ին սկսվող տոնական համերգի ընթացքում ելույթ կունենան հայ էստրադայի աստղերը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ