Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մահացել է ՄԻԱՎ-ով ապրող երեխա

Նոյեմբեր 16,2011 13:13

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը գտնում է, որ մարդիկ ներքին վախ ունեն՝ վարակակիրների հետ շփման համար:

Այս տարի մեր երկրում մահացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 24 հիվանդ, որից 1 դեպքը եղել է մինչեւ 15 տարեկան երեխա: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից «Առավոտին» տված տեղեկատվության համաձայն, այդ երեխայի դեպքում մահվան պատճառը եղել է ոչ թե հիվանդությունը, այլ՝ ավտովթարը:

Օրերս «Առավոտն» անդրադարձել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ սոցիալական միասնության վերաբերյալ զեկույցին, որտեղ նշված էր, որ հարցվածների 89%-ը ՄԻԱՎ-ով ապրող հարեւան չեն ցանկացել ունենալ: Մենք կենտրոնից հետաքրքրվել էինք, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու համար եւ տարեկան միջինը որքա՞ն գումար է ծախսվում՝ բրոշյուրների տպագրման, ինֆորմացիոն թերթիկների տարածման, ինֆորմացիոն միջոցառումների կազմակերպման համար: Կենտրոնի պարզաբանմամբ՝ «Բնականաբար, 89% թիվը խոսում է հասարակության կողմից ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ որոշակի անհանդուրժողական վերաբերմունքի մասին: ՄԻԱՎ-ով ապրողների նկատմամբ խարանի եւ խտրական վերաբերմունքի դրսեւորումներ առկա են ոչ միայն Հայաստանում, սա գլոբալ խնդիր է: Եվ այդ խտրական վերաբերմունքն առկա է ոչ միայն ՄԻԱՎ վարակով հիվանդների, այլ նաեւ տուբերկուլյոզով, հոգեկան հիվանդություններով տառապողների, հաշմանդամների նկատմամբ»: Ինչ վերաբերում է ծախսած գումարին, կենտրոնից նշել են, որ դա ոչ թե մեր բյուջեի հաշվին է եղել, այլ՝ միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, «Գլոբալ հիմնադրամի» ու հ/կ-ների, հետեւաբար իրենք չեն կարող ասել, թե որքան գումար է ծախսվել այդ միջոցառումների կամ բրոշյուրների վրա:

Մեր հարցին՝ հաշվի առնելով հետազոտության արդյունքները՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ միջոցառումները արդյունք չեն տվել՝ կենտրոնից պատասխանել են. «Անշուշտ՝ իրազեկվածությունը կարեւոր է ՄԻԱՎ-ով ապրողների հանդեպ վերաբերմունքի ձեւավորման հարցում: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ անգամ վարակման հնարավոր ուղիների մասին տեղեկացված լինելու դեպքում մարդկանց մի զգալի մասի մոտ պահպանվում է ներքին վախը սեփական առողջության եւ կյանքի համար, քանի որ շատերի մոտ ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ բառերն ասոցացվում են անխուսափելի մահվան հետ։ Այսպիսով, վախն ու նախապաշարմունքները հաճախ դառնում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց վարակվածության համար մեղադրելու, նրանց անբարոյական համարելու պատճառ, ինչն էլ իր հերթին առաջ է բերում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք»: Ըստ կենտրոնի, խարանի եւ խտրականության հաղթահարումը մեկ օրվա խնդիր չէ, այն պահանջում է երկարատեւ, քրտնաջան եւ հետեւողական աշխատանք: Հասարակությունը դեռեւս ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին թյուր պատկերացում ունի, մարդիկ կարծում են, թե ՄԻԱՎ-ով վարակվածները թմրամոլ են, մարմնավաճառ կամ հոմոսեքսուալ:

Ի դեպ, Հայաստանում վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը, վտանգավոր սեռական կապերը, թեեւ արձանագվել են նաեւ հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Եթե 2010-ին գրանցվել էր ՄԻԱՎ վարակի 148 նոր դեպք, ապա այս տարվա 9 ամիսների ընթացքում կա 145 նոր դեպք:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930