Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արդար ընտրությունները՝ գերակա նպատակ

Նոյեմբեր 16,2011 13:10

ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանըn համոզված է, որ հենց սա է երկրի նախագահի նպատակը:

– Վերջին շրջանում ներքաղա

քական կյանքը հարուստ է անսպասելի կադրային տեղաշարժերով, հրաժարականներով եւ դրանց շուրջ տարաբնույթ մեկնաբանություններով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում՝ խուճապին բնորոշ իրավիճակային լուծումնե՞ր, թե՞ տրամաբանված գործողություններ:

– Ժամանակն է, որ ե՛ւ քաղաքական կազմակերպությունները, ե՛ւ քաղաքական գործիչները, ինչպես նաեւ լրատվության ներկայացուցիչներն ամեն ինչ ընկալեն այնպես, ինչ կերպ դրանք ներկայացվում են: Կարծում եմ՝ շատ հստակ է, որ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած են երկու կարեւորագույն խնդիրներ: Այն է՝ նախ, մեր ժողովրդի՝ որպես իշխանության միակ կրողի, վստահության վերականգնումը, եւ երկրորդ՝ ընտրությունների արդյունքների անվերապահ ընդունումը ժողովրդավար աշխարհի կողմից:

– Ուզում եք ասել, որ կադրային փոփոխությունները լուծո՞ւմ են այդ երկու խնդիրները:

– Հարկավ՝ ոչ: Բայց շատ հստակ է, որ վերոնշյալ երկու խնդիրները Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի համար առաջնային են, եւ նա ընտրություններից դեռ 6 ամիս առաջ ոչ միայն իր կողմից ղեկավարվող կուսակցությանը, կոալիցիոն գործընկերներին, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերին, այլ նաեւ ողջ հասարակությանը պարզորոշ ցույց է տալիս գերակա խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ որպես մեր պետության հետագա զարգացման կարեւորագույն նախապայման:

– Արդյոք այս ամենը չէ՞ր կարելի ձեռնարկել ընտրական գործընթացների մեկնարկից անմիջապես առաջ՝ օրենքով նախատեսված ժամանակահատվածում:

– Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կարելի է ընդունել զուտ որպես նախընտրական տեխնոլոգիաների կիրառում: ՀՀԿ-ն՝ իր ղեկավարի առաջնորդությամբ, կոնկրետ պարագայում կիրառում է շատ հստակ նախընտրական տեխնոլոգիա, մինչդեռ մյուս քաղաքական կազմակերպությունները գործի փոխարեն զբաղված են Հանրապետական կուսակցության ներսում եւ նրա շուրջը տեղի ունեցող գործընթացների մեկնաբանությամբ: Եվ քանի դեռ քաղաքական կազմակերպությունները զբաղված են տարբեր ասեկոսեների սեփական գնահատմամբ, Հանրապետական կուսակցությունը ձեւավորում է նախընտրական շտաբ, եւ վստահ եմ, որ շատ լուրջ աշխատանք է նախատեսում նաեւ ընտրատարածքներում՝ հասկանալով, որ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ անչափ կարեւոր է հանրապետության բոլոր ընտրատեղամասերում ունենալ ներկայացուցիչներ, որոնք նաեւ ունակ կլինեն տեղերում ակտիվ քարոզչական աշխատանք տանելու:

– Ձեր մեկնաբանությամբ ստացվում է, որ ամեն ինչ շատ լավ պլանավորված է, եւ Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, առաջնորդվում է այդ պլանով: Այդ դեպքում մի՞թե դրա համար անպայման անհրաժեշտ էին Հովիկ Աբրահամյանի եւ Միքայել Մինասյանի հրաժարականները:

– Օրենքի տեսանկյունից եւ անցած տարիների ընտրական գործընթացների պրակտիկայից ելնելով՝ որեւէ բան չէր խանգարում, որպեսզի վերը նշված պաշտոնյաները նախընտրական գործառույթները կազմակերպեին այնպես, ինչպես դա կատարվում էր նախկինում: Այս քայլով ամրագրվում է ՀՀ-ում ընտրական գործընթացի կարեւորությունը եւ ՀՀԿ-ի շեշտադրված վերաբերմունքը գալիք ընտրություններին: Հավատացեք, որ եթե չլինեին հրաժարականները, բոլորը փորձելու էին պնդել, որ օգտագործվում են պաշտոնեական դիրքը եւ հնարավորությունները, ուստի քաղաքական կազմակերպություններն անհավասար պայմաններում են գտնվում: Այժմ այդ շահարկումները դարձան անտեղի, եւ պետք է հավատալ այդ պաշտոնյաների մեկնաբանություններին՝ առ այն, որ իրենք ցանկանում են իրենց ողջ ժամանակն ու ներուժը տրամադրել ՀՀԿ ընտրական գործընթացների կազմակերպմանը:

– Մի՞թե հավատում եք, որ այս քայլերի արդյունքում այլեւս ընտրակեղծիքներ չեն լինի, եւ մեր երկրում կանցկացվեն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, եւ չեն լինի նաեւ հետընտրական այլ զարգացումներ:

– Ձեր հարցադրմանը իմ որեւէ պատասխան հարկավ ընդդիմախոսության տեղիք տալու է, բայց ինչքան էլ այն տարօրինակ հնչի, մենք այժմ մի վիճակում ենք, երբ իշխանություններին առավել քան անհրաժեշտ են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, որի մասին շատ հստակ արտահայտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե այս ամենին հավելենք նաեւ այն իրողությունը, որ ՀՀԿ-ն ունի ամենամեծ հնարավորությունները՝ գալիք ընտրություններում ԱԺ-ում մեծամասնություն կազմելու, եւ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն արդեն իսկ սկսել է շատ լուրջ նախապատրաստվել գալիք խորհրդարանական ընտրություններին, պարզ է դառնում, որ վերոնշյալ նպատակը նրանց համար գերակա է: Բայց այստեղ առաջ է գալիս ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի գործոնը, ովքեր քաջ գիտակցում են, որ իրենց խոստումներն ու հնարավորությունները անհամատեղելի են եւ, հետեւաբար, ամեն կերպ փորձելու են գալիք ընտրությունների վրա ստվեր գցել եւ հնարավորինս ամենալավ ընտրությունները ներկայացնել որպես ոչ արդար, փորձելու են ընտրությունները հանգեցնել մի վիճակի, որը նպաստի հետընտրական ընդվզումների, եթե կուզեք ավելի հստակ՝ հեղափոխության:

– Այս իրավիճակում կարելի՞ է ենթադրել, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ թափանցիկ, որին կհաջորդի հեղափոխություն:

– Ես պարզապես մատնանշում եմ այն նպատակները, որոնցով, իմ խորին համոզմամբ, առաջնորդվում են քաղաքական կազմակերպությունները, իսկ համոզմունքս ձեւավորվել է քաղաքական կազմակերպությունների գործունեությունն ուսումնասիրելու եւ նրանց ղեկավարության՝ տարբեր ժամանակներում արտահայտած մտքերը ամփոփելու արդյունքում:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930