Երեկ առավոտյան Լիբանանի անվտանգության ուժերը հայաբնակ Պուրճ Համմուտ ավանի ծայրամասային շենքերից մեկում ձերբակալել են 5 հայ եղբայրների: Ազիզ, Մասիս, Միշել, Գեւորգ եւ Մուրիսե Դանիելյանները մեղադրվում են հատուկ դաժանությամբ 11 անձանց սպանելու մեջ: Ինչպես Լիբանանից փոխանցել է HayNews.am-ի թղթակիցը, եղբայրները վերջին ամիսներին կատարել են ավազակային հարձակումներ, կողոպտել եւ սպանել են իրենց զոհերին: Եղբայրները մարդկանց սպանել են անգամ 50 դոլարի համար: Ամենայն հավանականությամբ նրանց զոհերի թիվը կաճի: Ընդ որում, մարդասպաններին հնարավոր է եղել ձերբակալել այն ժամանակ, երբ նրանցից մեկը փորձել է վաճառել իր զոհերից մեկի՝ լիբանանյան բանակի սպայի բջջային հեռախոսը: Տան խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ հանցագործության զենքը՝ խլացուցիչով ատրճանակ: Ի դեպ, չի բացառվում, որ եղբայրները ազգությամբ հայ լինեն, սակայն արաբախոս կամ քրդախոս, քանի որ Պուրճ Համմուտի եւ հայկական այլ թաղամասերի բնակիչները նրանց հետ համարյա չեն շփվել, նրանք իբրեւ համայնքի անդամ չեն դիտարկվել:
«Առավոտ» օրաթերթ