Նոյեմբերի 13-ին Իջեւանի քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը: Արդեն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ասել է, որ նրան չի շնորհավորելու, քանի որ «թե նախընտրական, թե ընտրապայքարի ընթացքում նա որդեգրել էր ինձ մրոտելու քաղաքականությունը ինչը դուրս է բարեկրթության սահմաններից: Այն, որ օգտվելով բնակչության սոցիալական ծանր վիճակից՝ նրանց ասում էր, թե նպաստը ես եմ կտրում, թոշակը ես չեմ բարձրացնում, աշխատավարձը ես եմ ցածր տալիս, ինչը տրամաբանությունից եւ իմ գործառույթներից դուրս է, եւ նմանատիպ այլ բաներ, որոնք ճղճիմ բանսարկություն կարելի է բնութագրել, դրանից հետո ես չեմ կարող շնորհավորել: Բայց Աստված իր հետ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նորընտիր քաղաքապետին առայսօր չի շնորհավորել նաեւ Տավուշի հանրապետական մարզպետ Արմեն Ղուլարյանը: Կոալիցիոն գործընկեր կուսակցության ներկայացուցիչներից Վարդան Ղալումյանին շնորհավորել են ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ