Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բյուջեն սկսեցին քննարկել կիսադատարկ դահլիճում

Նոյեմբեր 16,2011 13:02

Խորհրդարանը կիսադատարկ դահլիճում երեկ քննարկում էր 2012 թվականի պետական բյուջեն: Այն պահին, երբ վարչապետը ներկայացնում էր բյուջեն, ԲՀԿ-ից դահլիճում մոտ ութ պատգամավոր կար, ՀՀԿ-ից՝ տասնհինգ, «Ժառանգությունից»՝ չորս, ՕԵԿ-ից՝ հինգ, ՀՅԴ-ից՝ չորս: Կառավարությունը ներկա էր ամբողջ կազմով: Երեկ աննախանձելի վիճակում էր հայտնվել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը. ԱԺ նախագահը հրաժարական էր տվել եւ, հասկանալի պատճառներով, նիստը չէր վարում, առաջին տեղակալ Սամվել Նիկոյանի հայրն էր մահացել, փոխնախագահը եւս, հասկանալի պատճառներով, նիստին ներկա չէր, եւ ամբողջ ծանրությունը մնացել էր ԲՀԿ փոխնախագահի ուսերին: Պատգամավորներն անգամ կատակում էին՝ իսկ եթե պարոն Բալասանյանը անձնական հարցերով որոշի հեռանալ, ո՞վ է վարելու նիստը:
ՀՀ վարչապետը իր կարճ խոսքում բավականին ծավալուն մեջբերումներ արեց ՀՀ նախագահի վերջերս հնչեցրած ելույթից, իսկ բյուջեի թվային պատկերը ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտաշես Շահբազյանը հետաքրքրվեց՝ եթե աշխարհում կրկին սկսվի ֆինանսատնտեսական ճգնաժամ, կառավարությունը նախատեսե՞լ է որոշակի քայլեր՝ ապահով լինելու համար: Նախարարն իր պատասխանում ասաց, թե բյուջեի ուղերձում նշված են որոշակի ռիսկեր. «Եվ այդ ռիսկերը մենք արդեն մեկնաբանել ենք: Ռիսկերը կարող են գալ ինչպես որոշակի բնույթ ունեցող տնտեսական զարգացումներից, այնպես էլ արտաքին աշխարհից, մասնավորապես՝ գիտեք, որ կանխատեսումների տեսակետից մեծ տատանողականություն կա ԵՄ-ում»: Ֆինանսների նախարարն ասաց նաեւ, թե ունեն «մի շարք կռվաններ, որոնք կհեշտացնեն գործը, մասնավորապես խնդիրը վերաբերում է տնտեսության՝ այս պահին ունեցած ավելի բարձր դիվերսիֆիկացիային, ինչը մեզ ավելի է պաշտպանում համապատասխան տնտեսական անկման ժամանակ»:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, թե «վարչապետի ոգեշնչված ելույթի նման ելույթներ այս տարիների ընթացքում շատ-շատ ենք լսել, չի եղել որեւէ տարվա ելույթ, որտեղ վարչապետը հղումներ արած չլինի ՀՀ նախագահի այս կամ այն ելույթին: Բայց դրանից մեր իրականությունը չի դարձել նույնքան ոգեշնչված եւ նույնքան գեղեցիկ, որքան այդ ելույթներն են եղել»: Պատգամավորն ուզեց իմանալ՝ այդ ինչ «տպավորիչ ներդրումներ են» եղել, ինչ աշխատատեղեր են բացվել, որոնց մասին խոսեց վարչապետը. «Ես ուզում եմ հասկանալ՝ օլիգոպոլիկ տնտեսության զարգացումը ո՞րն է»: Ի պատասխան՝ ֆինանսների նախարարն ասաց. «Ցանկացած տնտեսություն ունի զարգացում, այդ թվում եւ՝ օլիգոպոլիաների թուլացման ուղղությամբ, դա եւս զարգացում է: Ինչպես արդեն տեղյակ եք, մեզ մոտ ակտիվացել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, եւ այս տեսակետից մենք կարող ենք արձանագրել, որ կա մրցակցության պաշտպանության ավելի բարձր մակարդակ: Անգամ եթե տնտեսության մեջ կան օլիգոպոլ երեւույթներ, ապա դա չի տարածվում տնտեսության բոլոր շուկաների վրա, բոլոր ճյուղերի վրա, եւ, բնականաբար, տնտեսությունը համասեռ բոլոր տեղերում նույն մրցակցային մակարդակն ունեցող մի կառույց չէ»:
Բյուջեի քննարկումները ընդհատվեցին եւ կշարունակվեն առաջիկայում:
Մ. Ե.
Հ. Գ. Օրվա երկրորդ կեսին, երբ հրատապ կարգով քննարկվում էին ՀՅԴ խմբակցության ներկայացրած եւ կառավարության կողմից մերժված օրինագծերը, դահլիճն անմխիթար վիճակում էր, քանի որ, բացի Դաշնակցության մի քանի անդամներից եւ Սամվել Բալասանյանից, գրեթե բոլորը գնացել էին Սամվել Նիկոյանի հոր հոգեհանգստին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930