Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մանկությունն ավարտվել է

Նոյեմբեր 16,2011 13:00

Ըստ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի՝ որեւէ առաջնորդի ետեւից գնալը հետընթաց է Հայաստանի համար

– Պարոն Արսենյան, Ձեր ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցությունը ոչ իշխանամետ դաշտում է, ոչ էլ ընդդիմադիր: Ի վերջո, ո՞րն է Ձեր ներկայիս քաղաքական կողմնորոշումը:

– ՄԱԿ-ը Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը դիտարկում է որպես մեկ միավոր, մենք երբեք չենք ընդունել այն մոտեցումը, որ պետք է լինենք կամ առաջին, կամ երկրորդ ճամբարում: Մենք եղել ենք Հայաստանի քաղաքացու կողքին ու շարունակում ենք մտածել մեր երկրի, մեր ժողովրդի բարօրության մասին:

– Բայց Հայաստանում գործող բոլոր 80 քաղաքական կուսակցություններն էլ հայտարարում են, որ մտածում են ժողովրդի բարօրության մասին: Ինչո՞վ եք Դուք տարբերվում:

– ՄԱԿ-ի զբաղեցրած տեղը այն տեղն է, որը վերաբերում է Հայաստանի՝ պետականություն ունենալու կարեւորագույն գաղափարը մեր բնակչությանը մատուցելուն:

-Այսինքն՝ պետականամե՞տ ուժ եք:

– Մենք հայաստանամետ, հայաստանապահ, հայաստանապաշտ ուժ ենք:

– Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:

– Անպայման:

– Ի՞նչ ձեւաչափով՝ միայնա՞կ, թե՞ այլ ուժերի հետ դաշինքով:

– Ձեւաչափը կորոշենք՝՝ ելնելով նախընտրական փուլում ձեւավորված իրավիճակից: Այս պահին ոչինչ չեմ բացառում:

– Քաղաքական որոշ շրջանակներում հավանական է համարվում ՄԱԿ-ի՝ քոչարյանամետ ուժերի հետ դաշինք կազմելու տարբերակը: Ի՞նչ կասեք:

– Մենք գտնում ենք, որ ժամանակն է դադարեցնել որեւէ անձի շուրջ ուժեր ձեւավորելու պրոցեսը: Մենք չենք ուզում լինել ոչ սարգսյանամետ, ոչ քոչարյանամետ, ոչ էլ որեւէ անձնամետ ուժ: Մենք արդեն անցել ենք այդ փուլը: Ի վերջո, պետք է հասկանանք, որ ավարտվել է Հայաստան պետության մանկությունը, եւ մեր պետությունը պետք է մտնի արդեն նոր՝ ավելի հասուն փուլ: Ուստի ժամանակն է, որ քաղաքական ուժերը համախմբվեն ոչ թե այս կամ այն գործչի, այլ քաղաքական, աշխարհայացքային սկզբունքների շուրջը: Առաջնորդամոլությունը մեզ լավ բանի չի հասցնի: Անգամ մահմեդական հասարակությունները, ինչպես տեսանք, հասկացան, որ այդ մոդելը ձախողված մոդել է: Հիմա որեւէ առաջնորդի հետեւից գնալը հետընթաց է Հայաստանի համար:

– Ձեր գնահատմամբ՝ առաջիկա ԱԺ ընտրություններում ինչպիսի՞ շանսեր ունեք:

– Այդ հարցի մաթեմատիկական պատասխանը կտա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Բայց մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի ներկայացրած տեսակետները դեռեւս բավարար չափով մատչելի չեն լայն հանրությանը: Ոչ թե այն պատճառով, որ հասարակությունը չի հասկանում, պարզապես հանրությունը դեռ չի անցել այն արժեքային ճանապարհը, որի կրողն ենք մենք:

– Իսկ ո՞րն է այդ արժեհամակարգը, որի կրողն է ՄԱԿ-ը, եւ որն առայժմ մատչելի չէ հանրությանը:

– Մի գողացիր, կաշառք մի տուր, մի վնասիր, աշխատիր, գիտելիքների ծավալն ավելացրու՝ ահա այս սկզբունքների կրողն ենք մենք:

– Բայց, պարոն Արսենյան, Ձեր նշած սկզբունքները գրեթե նույն հերթականությամբ շարադրված են նաեւ իշխանական՝ Հանրապետական կուսակցության ծրագրային դրույթներում: Չե՞ք կարծում, որ ժողովուրդը նաեւ հոգնել է այդօրինակ ընդհանրական ձեւակերպումներից:

– Տարբերությունը Ձեր բարեկեցության գնահատականն է, եթե այն բարձրացել է, ուրեմն ներկայիս իշխանությունները ճիշտ են: Բացեք Ձեր սառնարանը եւ նայեք՝ որեւէ դրական փոփոխություն կա՞, թե՞ ոչ: Իսկ եթե տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել, նշանակում է, որ ասվում է մեկ բան, արվում՝ հակառակը:

– Ինչպե՞ս եք գնահատում վերջին կադրային փոփոխությունները: Արդյոք դրանց հիմքում է՞լ է նույն՝ մեկ բան ասելու եւ բոլորովին այլ բան անելու սկզբունքը:

– Ըստ Ձեզ՝ օրինակ Աբրահամյան Հովիկի փոխարեն Նիկոյան Սամվելին ԱԺ նախագահ դարձնելով՝ հնարավո՞ր է որեւէ էական փոփոխություն Հայաստանի քաղաքական-պետական կյանքում:

– Բայց միայն դա չէր, նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հրաժարական տվեց, ոստիկանապետ փոխվեց, քաղաքապետ…

– Քաղաքապետը չի փոխվել, նա հրաժարական է տվել եւ հեռացել: Այսքանով քաղաքապետի թեման ավարտենք: Ինչ վերաբերում է ոստիկանապետի փոփոխությանը, ապա դրանով որեւէ բան չի փոխվել՝ մի սպայի փոխարինել է մեկ այլ սպա: Ի վերջո, քրեական օրենսգիրքը հո չի՞ փոխվել: Իսկ Միքայել Մինասյանի պաշտոնանկության նպատակն, իմ կարծիքով, այն էր, ինչ ասվեց՝ նա գնաց ՀՀԿ նախընտրական քարոզարշավի արդյունավետությունը բարձրացնելու:

– Նույն Միքայել Մինասյանը եւ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են, որ առաջիկա ընտրությունները լինեն ՀՀ քսանամյա պատմության մեջ ամենաթափանցիկը եւ որակական հեղափոխություն մտցնեն: Հաշվի առնելով առկա քաղաքական իրողությունները՝ այսօր նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Եթե ՀՀ երկու քաղաքացու ասածը բավարար պայման է, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները գիտակցեն եւ իրականացնեն այդ որակապես հեղափոխական ընտրությունները, այդ դեպքում ես՝ իմ եւ ՄԱԿ-ի անունից, կդիմեմ Հայ առաքելական եկեղեցուն՝ խնդրելով, որ այդ երկու անձանց դասի սրբերի շարքը՝ կենդանության օրոք: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ եւ որակապես այլ ընտրություններ կլինեն այն դեպքում, եթե դրանց արդյունքում Հանրապետականից բացի՝ մեկ այլ կուսակցություն զբաղեցնի առաջին տեղը: Այդ ժամանակ ես կասեմ՝ մարդիկ իրոք արեցին դա: Իսկ մնացած բոլոր դեպքերում դա լուրջ չէ:

– Տեւական ժամանակ առաջ գնահատելով կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունը՝ ասել էիք, որ այդ մասին մի տասը տարի հետո դիսերտացիա կգրեն հումորի ֆակուլտետի ուսանողները: Հիմա է՞լ եք շարունակում մնալ նույն կարծիքին:

– Կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի, ֆակուլտետը կփոխվի, եւ այդ դիսերտացիան արդեն կգրեն ոչ թե հումորի, այլ դրամայի ֆակուլտետի ուսանողները: Կամ էլ, լավագույն դեպքում, կես-կես: Եվ մի բան էլ՝ կապված վարչապետի այս վերջին ելույթի հետ, որի ժամանակ ասվում է, որ նա գինովցած է եղել: Այդ մարդը կյանքում մի անգամ անկեղծ ասել է այն, ինչ ինքը մտածում է: Ու բոլորը դրա վրա զվարճացել են: Դա շատ տարօրինակ է ինձ համար:

– Բայց նա ընդամենը շնորհավորել է երիտասարդներին:

– Այո, բայց ես շատ զարմանում եմ, որ դա զվարճալի է թվում որեւէ մեկին, քանի որ դա իր բնական, նորմալ վիճակն է: Ինձ համար շատ զվարճալի է, որ չեն զվարճանում, երբ Տիգրան Սարգսյանը լուրջ վիճակում է կառավարության նիստերի ժամանակ ինչ-որ բան ասում: Այ, դա է ինձ համար զարմանալի:

– Պարոն Արսենյան, Երեւանի քաղաքապետի փոփոխությունից հետո հնարավո՞ր է, որ գովազդային վահանակների ապամոնտաժման հարցով քաղաքապետարանի հետ սկսված Ձեր հակամարտությունն այլ ընթացք ստանա:

– Գործը գտնվում է դատարանում, մենք դատական ճանապարհով մինչեւ վերջ պաշտպանելու ենք մեր իրավունքները: Ինչ վերաբերում է ընթացքի փոփոխությանը, ապա ես հուսով եմ, որ քաղաքապետարանի պաշտոնյաները Հայաստանում դատական գործընթացների վրա որեւէ էական ազդեցություն չեն կարող ունենալ: Որովհետեւ դրանով մենք կկարողանանք գոնե ինչ-որ անուրջներ ունենալ դատական համակարգի անկախության վերաբերյալ:

– Հիմա Դուք ունե՞ք այդ անուրջները:

– Անուրջներն ունենք, բայց պատրաստ ենք նաեւ իրականությանը նայել պրագմատիկ ձեւով եւ պայքարել մինչեւ վերջ:

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930