Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լիսկան՝ որպես փորձաքար

Նոյեմբեր 16,2011 12:52

Այն, ինչ պետք է արվեր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, սկսվեց իրականացվել միայն այս տարվա գարնանը, այն էլ՝ շատ դանդաղ: Քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, քաղաքական ընդհանուր մթնոլորտը խաղաղվեց, ընդդիմության դեմ ագրեսիվ, կացնային քարոզչությունը հիմնականում դադարեցվեց, մի քանի կաշառակեր ոստիկաններ ձերբակալվեցին: Դա, իհարկե, խիստ անբավարար է, բայց որոշ քայլեր, այնուամենայնիվ, ձեռնարկվեցին: Թե ինչու ուշացումով, հայտնի է՝ մարտի մեկից անմիջապես հետո նույնիսկ նման վարանոտ քայլերն էին բացառված: Հիմա վճռական պահն է՝ բավարարվել այսքանո՞վ, թե՞ գնալ առաջ: Երկրորդ տարբերակի դեպքում մենք՝ քաղաքացիներս, պետք է զգանք, որ ոչ մի լկտիություն, ոչ մի բռնություն՝ անկախ նրանից, թե ում կողմից է այն իրականացվում՝ պաշտոնյայի, օլիգարխի, քավորի, սանիկի, անպատիժ չի մնա: Իհարկե, դրանով ոչ տնտեսական վիճակը կշտկվի, ոչ էլ սահմանադրական կարգը կհաստատվի, բայց մարդկանց դժգոհության գլխավոր պատճառներից մեկը ոչ միայն սոցիալական դժվարություններն են, այլեւ իշխանավորների (այդ բառի լայն իմաստով) ցինիզմն ու անպատժելիությունը, նրանց ցուցադրական արհամարհանքը ցանկացած օրենքի եւ ցանկացած բարոյական նորմի նկատմամբ:

Այդ առումով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի հարցը «թեստ» է, փորձաքար, որը կապացուցի իշխանությունների մտադրությունների լրջությունը: Եթե բարեփոխումները պետք էր սկսել երեք տարի առաջ, ապա Լիսկայից պետք էր ազատվել շատ ավելի վաղ՝ չէր կարելի թույլ տալ, որ առնվազն տասներկու տարի մի պաշտոնյա ահուսարսափի մեջ պահեր մի ամբողջ մարզի բնակիչներին՝ իր ամբողջ գերդաստանով ահաբեկելով ու ստորացնելով մարդկանց: Մենք բազմիցս գրել ենք մարզպետի «քաջագործությունների» մասին՝ հանդիպելով, որպես կանոն, պետական մարմինների անտարբերությանը: Միայն մի անգամ վարչապետը՝ Լիսկայի հերթական բռնությունից հետո, հայտարարել էր ծառայողական քննության մասին, բայց նա չուզեց կամ չկարողացավ այդ քննությունն իր տրամաբանական ավարտին հասցնել:

Նախադեպը կա: Երեւանի նախկին քաղաքապետը հրաժարական տվեց նախագահական արարողակարգի աշխատակցի հետ կոպիտ վարվելու համար: Քաղաքապետը, նկատեք, ընտրովի պաշտոն է: Իսկ մարզպետին շատ ավելի հեշտ է աշխատանքից ազատելը: Եթե այս անգամ էլ դա չարվի, ուրեմն նախորդ դեպքը պարզապես պալատական ինտրիգ էր, ոչ թե սկզբունքային որոշում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930