Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս գլխիս սարքո՞ւմ ես»

Նոյեմբեր 16,2011 12:51

Դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանը խախտում է ԱԺ կանոնակարգը

«Իմ նկատմամբ ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք, հաշվի չեն առել հայրենիքին մատուցած իմ ծանրակշիռ ծառայությունները՝ երկրաշարժին 16 երեխա փրկելու հերոսական արարքս եւ հողիս ազատագրման համար թափած արյունս». սա մի հատված է նամակից, որի օրինակները ազատամարտիկ Արտաշես Ալեքսանյանն ուղարկել է տարբեր հասցեներով՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն, վարչապետին, ՀՀ պաշտպանության նախարարին, ԱԺ նախագահին, ԱԺ սոցիալական եւ առողջապահական հանձնաժողով, ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողով: Մի քանի ամիս առաջ ազատամարտիկը շտապօգնության կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ շտապ պետք է սրտանոթի ստենդավորում կատարվի: Այդ վիրահատությունը «թանկարժեք հաճույքներից» է՝ 2 միլիոն 110 հազար դրամ արժողությամբ: Դեսից-դենից պարտք անելով՝ Ալեքսանյանի հարազատները վճարել են բոլոր հիվանդանոցային ծախսերը: Փոքր-ինչ ապաքինվելով՝ Արտաշես Ալեքսանյանը որոշել է դիմել պատկան մարմիններին, ովքեր էլ հաշվի առնելով նրա կենսագրությունը՝ դրամական օգնություններ կտրամադրեն, եւ նա հնարավորություն կունենա մարելու վիրահատության համար վերցրած պարտքերի մի մասը:

1988-ի երկրաշարժից հետո մեր զրուցակիցը Սպիտակ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի փլատակների տակից հանել եւ փրկել է 16 երեխայի կյանք, հայտնաբերել եւ պետությանն է հանձնել միլիոնների հասնող նյութական արժեքներ, ինչի համար պարգեւատրվել է Հայաստանի կառավարության շնորհակալագրով եւ մեդալով, անգամ ամերիկյան «Վաշինգտոն Պոստն» է նրա հերոսական արարքների մասին հոդված հրապարակել: Այնուհետեւ 1990-93 թվականներին մասնակցել է արցախյան ազատամարտին եւ պարգեւատրվել մի շարք մեդալներով:

Թեեւ Արտաշես Ալեքսանյանի դիմումներն, ըստ էության, անարդյունք են մնացել, քանի որ նրան օգնելու գումարներ այդպես էլ չեն գտնվել, ազատամարտիկը վիրավորված է ընդամենը վերաբերմունքից: Հանրապետական պատգամավոր, ԱԺ առողջապահական հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Մինասյանը նրան ընդունել է, մարդավարի զրուցել են, իր դարդն ու ցավը պատմել՝ թեթեւացած հեռացել է: Էլի շնորհակալ է, որ լսել են իրեն, ինչը չի կարող ասել դաշնակցական պատգամավոր, ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի մասին. «Հոկտեմբերի 19-ի ժամը 15-ի համար ինձ հերթագրեցին: Ես պատրաստված, բոլոր փաստաթղթերովս գնացի: Ինձնից առաջ մի տղամարդ էլ էր սպասում: Նշանակված ժամին իջավ մի 25 տարեկան աղջիկ, որ մեզ ընդունի: Մինչ ինձնից առաջ սպասող մարդուն աղջիկն ընդունեց՝ ինձ մոտ հարցեր առաջացան, թե ինչո՞ւ է նա եկել, ո՞վ է նա եւ ի՞նչ իրավասություններ կարող է ունենալ: Անցագրային բաժնից հետաքրքրվեցի, ասացին, որ Հրայր Կարապետյանի գործավարուհին է: Ես հրաժարվեցի այդ «ընդունելությունից», անցագրային բաժնի աղջիկն էլ ինձ լսելով՝ համաձայնեց հետս, ասաց՝ դուք ճիշտ եք»: Հրայր Կարապետյանի գործավարուհու հետ հետագա զրույցում իրավաբանական կրթությամբ Արտաշես Ալեքսանյանը բերում է կանոնակարգի այն հատվածները, որոնք սահմանում են քաղաքացիների ընդունելության կարգը, համաձայն որի՝ առնվազն տվյալ հանձնաժողովի որեւէ պատգամավոր պետք է քաղաքացուն ընդունի: Աղջիկն ասել է, որ Հրայր Կարապետյանը գործուղման է, բայց Արտաշես Ալեքսանյանը վստահ է, որ իրեն խաբել են: Լեզվակռվից հետո Ալեքսանյանը հիասթափված հեռացել է. «Երբ դժգոհեցի ու ասացի, որ կդիմեմ մամուլին՝ Կարապետյանի գործավարուհին սկսեց գողական ժարգոնով խոսել՝ էս սարքո՞ւմ ես գլխիս… Ի՞նչ սարքել, ուզում եմ, որ ամեն մարդ իր գործն անի: Մի քանի օր առաջ «Երկիր-մեդիա» հեռուստաընկերությամբ Դաշնակցություն խմբակցության պատգամավորներն Արտաշատում հայտարարում էին, որ մեր երկրին համակարգային փոփոխություններ են պետք: Եթե դուք մի հանձնաժողովի աշխատանքում չեք կարողանում կարգավորել՝ ինչպե՞ս կարող եք ամբողջ երկրի համակարգային փոփոխությունները անել»: Միջադեպի ընթացքում Ալեքսանյանին է զանգահարում մեկ այլ դաշնակցական պատգամավոր՝ նույն հանձնաժողովի նախկին նախագահ, ազատամարտիկ Արթուր Աղաբեկյանի օգնականը՝ Մեսրոպ անունով, ով նախ՝ խոստանում է, որ երկուշաբթի օրը կընդունի նրան, իսկ երկուշաբթի օրը խորհուրդ է տալիս դիմումը թողնել քաղաքացիների դիմումների համար նախատեսված արկղում: Հեռախոսային կոշտ զրույցից հետո Մեսրոպն ի վերջո գալիս է ընդունարան, այստեղ էլ զրույցը չի ստացվում, գործը գլուխ չի գալիս:

Երեկ միջադեպի առիթով «Առավոտի» հետ զրույցում Հրայր Կարապետյանի օգնականը՝ Նոնա անունով, ասաց, որ այդ ժամանակ Հրայր Կարապետյանն իսկապես գործուղման է եղել, ու նրա փոխարեն ընդունելություններ է կատարել մյուս օգնականը. «Ոչ ոք իրեն (Արտաշես Ալեքսանյանին-Ն. Գ.) չի ասել՝ այլեւս այս կողմերում չերեւաս: Ինքը կարող է գալ ու սահմանված կարգով նորից հանդիպման համար հերթագրվել»: Փորձեցինք պարզել՝ որքանով է կոռեկտ, որ քաղաքացին մեկ անգամ տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել՝ իր կամքից անկախ, հիմա նորից նույն ճանապարհն անցնի: «Կոռեկտության հարց չկա, կա սահմանված կարգ»,- օրենքի դիրքից հանդես եկավ Կարապետյանի օգնականը՝ մոռանալով, որ սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացուն պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930