Օրեր առաջ «Առավոտն» անդրադարձել էր հայ նշանավոր գրող, դրամատուրգ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի պատի տակ դրված աղբարկղերին, որոնք լիքը, թե դատարկ, միեւնույն է՝ տհաճություն են պատճառում թանգարանի այցելուներին: Երեկ մեր ֆոտոխցիկը ֆիքսեց, որ գրեթե նույն պատկերն է մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի մոտ: Դպրոցի մուտքից ընդամենը մի քանի մետր հեռու գտնվող աղբարկղերը բերնեբերան լցված էին, իսկ շուրջը վխտում էին իրենց համար սնունդ հայթայթող թափառող շները, որոնք վտանգ են ներկայացնում առաջին հերթին հենց դպրոց հաճախող երեխաների համար: Դպրոցի տնօրենը բազմիցս բարձրացրել է այս հարցը՝ դիմելով պատկան մարմիններին, բայց մինչ օրս էլ հարցին լուծում չի տրվել, աղբարկղերը շարունակում են մնալ նույն տեղում՝ դպրոցի «քթի տակ»: Մինչդեռ ըստ ՀՀ առողջապահության նախարարության «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ»-ի՝ աղբարկղերը պետք է տեղադրվեն հասարակական շենքերից թույլատրելի հեռավորության վրա կամ ավելի խորքային տեղերում:
«Առավոտ» օրաթերթ