Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարձել եմ մաղով ջուր կրող ջրկիր… » – Լուսին Ամարա

Նոյեմբեր 16,2011 12:27

Հայ համացանցային իրականությանը հայտնի է բանաստեղծուհի, բլոգեր 20-ամյա Լուսին Ամարան` Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի է:

–  Լուսինե Ամիրխանյան, բանաստեղծուհի, տնտեսագետ, ով իր ընթերցողին հայտնի է Լուսին Ամարա գրական կեղծանունով: Անվանդ ընտրությունն ինչոր կերպ կապ ունի՞  նշանավոր երգչուհի Լուսին Ամարայի հետ :

Այո, անմիջական կապ ունի նրա հետ: Երբեմն մտածում եմ` եթե նա չլիներ, ես, միևնույնն է, կկրեի այս անունը, որովհետև անուն-ազգանունի նման տիպիկ համընկնում ու անձիս համապատասխանող այլ անուն չէի կարող պատկերացնել:
Հետաքրքիր կերպով եմ անվանադրվել այդպես. դպրոցում` պատմության դասին, երբ անցնում էինք հայ մշակույթը, 1900 թ.-ից մինչև մեր օրերը, խոսվեց նաև ամերիկահայ անվանի օպերային երգչուհի Լուսին Ամարայի (Լուսինե Արմաղանյան) մասին: Ուսուցչուհիս ժպտալով ասաց, որ մեր դասարանում նույնպես կա Լուսին Ամարա: Եվ այդ պահին ամբողջ դասարանը շրջվեց իմ կողմ: Այդպես մնացի մեր պատմության դասի Լուսին Ամարան: Հետագայում ավելի ընդլայնվեց ինձ այդպես կոչողների շրջանակը, իհարկե, սկզբում հեգնական, կատակով, բայց հիմա` լրջորեն:
Առաջին անգամ ես այն որպես գրական կեղծանուն օգտագործեցի 2009 թվականին :

 – Հիմա քեզ շատերն են ճանաչում որպես գրողի. դա է վկայում բլոգիդ այցելությունների քանակը, և շատերին է հետաքրքրում, թե ինչպես բանաստեղծական տաղանդով օժտված Լուսաչոկըը ընտրեց տնտեսագետի մասնագիտությունը:

            – Ինձ ստիպեմ նորից ետ գնալ պատանեկություն… լսում էի՝ տնտեսագետ, տնտեսագե՜տ, գրեթե առանց հասկանալու գիտության էությունը, վճռեցի ինքս էլ ուսումնասիրել: Բացի դրանից` մտածում էի՝ երբեք ինձ որևէ տեղ պետք չի գալու «բանաստեղծի իմ տաղանդը», գիտեի, որ բանաստեղծ ծնվում են, ոչ թե դառնում: Դե ուրեմն, եթե այդպես է՝ ես կլինեմ բանաստեղծ ու մեկ այլ մասնագիտություն էլ կունենամ: Տվյալ դեպքում եղավ տնտեսագիտությունը: Կարծում եմ՝ խանգարելու փոխարեն կլրացնեն միմյանց: Երբեմն ես տնտեսագիտությունը «մտցնում եմ» գրականության մեջ և հակառակը: Այդպիսի «անցումներն» ինձ ուժ են տալիս:

          – Լուսին, պատմի´ր քո մասին, ինչպիսի՞ մանկություն ես ունեցել:

      – Ծնվել եմ Իջևանի Սարիգյուղում 1991 թ. սեպտեմբերի 21–ին: 15 տարի ապրել եմ այդ գյուղում, ավարտել գյուղի դպրոցը: Մանկությանս հետ կապված ցանկացած հիշողություն կապված է նաև գյուղի հետ: Մանկությունն ինձ համար հեռացող օրերի լեզու է: Մանկության հիշողություններն իմ մեջ այնքա՜ն թարմ են, նույնիսկ մի առիթով գրել էի. «Տասնինը տարի առաջվա մասին ավելին գիտեմ, քան տասնինը օրվա…»: Հաճախ ստեղծագործություններում փորձում եմ պատկերել նաև այն ամենը, ինչ «թողել» է մանկությունս: Ակամա մի դեպք հիշեցի. դեռևս երկու տարեկան էի, շա՜տ ոտանավորներ գիտեի անգիր, արտասանում էի, երբ բոլորն զբաղված էին, ոչ ոք չէր լսում, իսկ երբ խնդրում էին, չէի արտասանում: Մի անգամ տատիկս բազում անգամներ խնդրելուց, համոզելուց հոգնած ու հուսահատ արտաբերեց. «Սա չի կոտրվի», իսկ ես՝ «Ինչի՞, ես բաժա՞կ եմ»: Անցան տարիներ, հասկացա, որ ես «օգտագործող եմ» ու հիմա, ինչպես ասում էր Միշա Սվարյանը (գրող՝ ծնված  1940 թվականին Չարենցավանում, « Հիշի´ր, ապրում ես մեռնելու համար » գրքի հեղինակ) «Դարձել եմ մաղով ջուր կրող ջրկիր »…

      –Արդյոք համացանցում ստեղծագործական գործունեություն ծավալելը մաղով ջուր կրել չէ՞ : Արդեն ժամանակ չ է՞ մտածելու երախայրիք գրքի մասին:

          – Հենց այդ է խորհրդանշում տողի՝ բլոգիս ամենաակնառու տեղում հայտնվելը. դա արդյունավետություն ունի, իհարկե, բայց ա՛յն չափով, որքան ես մաղով ջուր կարող եմ հասցնել կարիքավորին: Հոռետես, իր ստեղծածի «գլխին չկանգնող» գիծ կա մեջս, որով միշտ արտահայտում եմ  անբավարարվածություն. միշտ տեղ կա աճելու, գոհացնելու ինքդ քեզ: Հիմա իմ առջև նպատակ է դրված մինչև տարեվերջ ունենալ սեփական ժողովածու: Այդ մասին, կարծում եմ, չարժե երկար խոսել հիմա, քանի որ գնալով իրատեսական չի թվում: Ամեն դեպքում՝ հույսս չեմ կորցնում… Սպասել և հուսալ…

Հռիփսիմե Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930