Այսօր` նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 00.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետի օդային տրանսպորտի բաժնի 3-րդ կուրսի ուսանող, 22-ամյա Արամայիս Բաբայանը, վարելով իրեն պատկանող «ԲՄՎ X5» մակնիշի 15 ԼՕ 687 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 203 էլեկտրական սյանը, որը գտնվում է ոստիկանության ներքին զորքերի զորամասի դիմաց:
Վթարի հետեւանքով Արամայիս Բաբայանը եւ ուղևորներ` նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Վահագն Մանուկյանը, որն աշխատում է որպես ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արմավիրի մարզի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ, եւ նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Էդիկ Մանուկյանը, որն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության պետական ռեգիստրում որպես առաջատար մասնագետ՝ ստացել են մարմնական վնասվածքներ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Վահագնը եւ Էդիկը եղբայրներ են, որոնք մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ա.Բաբայանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Ավագ քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ավտոմեքենան այնքան ուժգին էր հարվածել էլեկտրասյանը, որ էլեկտրասյունը հիմքից շուռ էր եկել, պոկվել էին էլեկտրալարերը, ինչպես նաեւ ավտոմեքենայի դիմացի հատվածը մնացել էր էլեկտրասյան մոտ, իսկ մնացած հատվածը մոտ 150-200 մետր շրջվել եւ սահել էր:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարները, որոնք օգտագործել են հատուկ տեխնիկա: