Այս տարի ՀՀ պետբյուջեի 53 միլիոն դրամով գազիֆիկացվեցին Լոռու մարզի հունաբնակ Յաղդան եւ Կողես գյուղերը: Թեեւ գյուղերի համար մեծ խնդիր էր նաեւ ճանապարհը, սակայն գյուղացիները նախընտրել են գազիֆիկացումը: Բայց նրանց շատերի համար երկնագույն վառելիքով ջեռուցում ունենալն այդպես էլ մնաց երազանք: «Գիտեինք գազ պիտի ունենաք ձմռանը, այս տարի գոմաղբը օգտագործեցինք հողատարածքների համար, աթար այդպես էլ չունեցանք,, հիմա մնացել ենք գազի հույսին, որը շատ թանկ է»,- ասում է Կողես գյուղի բնակչուհի Աշխենը:
Վերջերս Լեռնային Ղարաբաղից վերադարձած Լոռու մարզպետը ձմռանը տաքանալու այլընտրանքային տարբերակ է առաջարկում` կառուցել փոքր կաթսայատներ, որոնք կաշխատեն Ղարաբաղից բերված ածուխով: Նման փորձ կա Ղարաբաղի չգազաֆիկացված համայնքներում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջարկում է համայնքների անգազ դպրոցների եւ նախակրթարանների համար էլ կառուցել ածուխով աշխատող կաթսայատներ: Մարզպետը վստահ է, որ այդ տարբերակը շատ շահավետ է: Նա նշում է, թե հանքն այն ծավալների է, որ եթե Հայաստանում գազի ծորակը փակեն, հնարավոր կլինի լուծել 10-15 տարի Ղարաբաղից բերած ածուխով ջեռուցման խնդիրները:
Իսկ գազից եւ գազամատակարարումից տեղյակ մասնագետները նշում են, որ հաճախ գյուղերը գազիֆիկացնելու համար ծախսվող խոշոր գումարները չեն արդարացնում, քանի որ գյուղացիները նախընտրում են գազ օգտագործել միայն կենցաղային խնդիրների համար, իսկ տաքանում են կրկին հին տարբերակով՝ փայտով կամ գոմաղբից պատրաստված աթարով:
Նելլի ԴԱՎԹՅԱՆ