Մեծ է հավանականությունը, որ տվյալ դեպքում ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ընդամենը «լաբորատոր պայմաններում» գիտափորձ է անցկացրել։ Բանն այն է, որ իշխանությունները միջազգային բոլոր կաոույցներին խոստացել են հնարավորինս նորմալ ընտրություններ անցկացնել, եւ չի բացառվում, որ նրանց այդ ցանկությունն անկեղծ է։ Բայց ինչպե՞ս պարզել՝ հնարավոր կլինի՞ առանց լուրջ խախտումների հաղթել ընտրություններում, թե՞ դա գործնականում անհնար է։ Մտածել-մտածել են ու որոշել գիտափորձ կազմակերպել։ Ընդ որում, գիտափորձի պայմանները շատ պարզ են եղել. ահա Իջեւան քաղաքը, գործող քաղաքապետը հանրապետական է եւ տիրապետում է ադմինիստրատիվ ռեսուրսներին. փորձենք-տեսնենք՝ հնարավոր կլինի՞ առանց կոպիտ ընտրակեղծիքների (միայն «լայթս» խախտումներով) հասնել հաղթանակի։ Փաստորեն չստացվեց։ Բայց դա, ի դեպ, չի նշանակում, թե գիտափորձը կարելի է ձախողված համարել։ Որեւէ մեկին չենք ցանկանում վիրավորել, բայց եթե որեւէ գիտափորձի ժամանակ փորձամկնիկր սատկում է, դա նույնպես արդյունք է, եւ մասնագետները նույն եռանդով վերլուծում են այդ արդյունքը։ Հիմա, փաստորեն, ՀՀԿ ղեկավարները պիտի նստեն ու մտածեն, թե ի՞նչ ցույց տվեց Իջեւանի գիտափորձը, եւ որո՞նք են լինելու իրենց հաջորդ քայլերը:
Մարկ Նշանյան
«Չորրորդ ինքնիշխանություն»