ՍԴ երեկվա որոշման ամենակարեւոր հանգամանքներից մեկը. «Վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս՝ պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար»։
Եթե «իրավաբաներենից» թարգմանենք, ապա այս վերջինը նշանակում է, որ վիրավորանքի կամ զրպարտության համար կարող եք դատի տալ ու նաեւ նյութական հատուցում պահանջել, սակայն դրա չափը պետք է համապատասխանի թերթի (կամ այլ լրատվամիջոցի) ֆինանսական հնարավորություններին։ Է՛լ ավելի պարզ ասած՝ չի՛ կարելի սնանկացնել լրատվամիջոցներին։
Հավելենք, որ, Քաղաքացիական օրենսգրքի նշված հոդվածի համաձայն, վիրավորանքի դեպքում փոխհատուցման առավելագույն չափ է դիտվում 1 միլիոն («նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»), իսկ զրպարտության դեպքում՝ մինչեւ 2 միլիոն դրամը։ Դրանք, մեր պայմաններում, ուղղակի ահռելի գումարներ են թերթերի համար։
Ու այդ պահը եւս արտացոլվել է ՍԴ երեկվա որոշման մեջ։ Մասնավորապես Սահմանադրական դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել փոխհատուցման` առավելագույն սահմանի նվազեցման առումով, այսինքն՝ շեշտել է օրենքով սահմանված «պատժաչափերը» վերանայելու անհրաժեշտությունը։
Մ. ՍԱՀԱԿՅԱՆ
«Հայոց աշխարհ»