Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղում վերջին անգամ 1 տարի առաջ է երեխա ծնվել

Նոյեմբեր 15,2011 21:27

Վայոց Ձորի Սալլի գյուղը աստիճանաբար նոսրանում է: Հեռանում են բոլորը, տղամարդիկ` արտագնա աշխատանքի, աղջիկներն` ամուսնանալու համար: Հատկապես կանանց արտահոսքն է ամենամեծ խնդիրը, տղամարդիկ ձմռանը դեռ կվերադառնան, իսկ Սալլի սիրուն աղջիկները` ոչ: Սալլիում, հարսների «արտահանումը» գերազանցում է ներմուծումը»` հարս տալիս են, բայց չեն բերում:  Ո՞ր աղջիկը կգա, էս գյուղում կամուսնանա, իսկ գյուղի աղջիկներն էլ էնքան են տանջվել, որ ձգտում են դրսերում, չեն ուզում ստեղ ապրել»,- ասում է բնակիչներից մեկը : Սալլիում ապրում է 73 ընտանիք, թեև բնակելի տները երեք անգամ քիչ են` մեկ տանն ապրում է միջին հաշվով երեք ընտանիք: Թեև համայնքի գլխավոր խնդիրը ոչ թե անշարժ գույքն է, այլ ամենաշարժականը` ջուրը. չկա ոչ ոռոգման, ոչ էլ խմելու ջուր: Սամվել Ղազարյանը Սալիի գյուղապետն է: «Հարկավոր է 1,5 կմ հատված գոնե խողովակներով անցկացվի, ջուրը որպեսզի լիարժեք օգտվենք»,- ասում է նա: Թե ինչը կօգնի շտկել Սալիի մեջքը, գյուղում կարծիքները տարբեր են: Ուշադրության պակաս գյուղում չեն զգում աշակերտները: 21 աշակերտի համար աշխատում է 12 ուսուցիչ, ավելի ուշադիր Սալիի ակադեմիական առաջընթացի համար, հնարավոր չէ ապահովել` կատակում են համայնքում: Գյուղի հիմնական դպրոցում այս տարի առաջին դասարան է հաճախել  1 աշակերտ: Նախակրթարան չլինելու պատճառով 6-ամյա Ժորա Ստեփանյանը դպրոց է հաճախել: Գույներն ու տառերը չգիտեր, հիմա արդեն գերազանցիկ է: 11-ամյա Սմբատ Հովակիմյանն էլ երրորդ դասարանում է սովորում, 3 ընկերով ամեն առավոտ բռնում են դպրոցի ուղին: Սմբատի համար դպրոցը պարզապես կրթօջախ չէ. այն իր համայնքային կյանքի և աօռրյայի մի մասն է, որտեղ լինում է և դասերին, և դասերից հետո, շաբաթ, թե կիրակի: Սմբատն էլ մեծ սիրուվ ներկայացնում է օրվա գրաֆիկը. «Առավոտ շուտ քնիցս հելնում եմ, գնում եմ լվացվում եմ, չայ եմ խմում, հաց եմ ուտում, գնում են դպրոց, դասից գալիս եմ հաց եմ ուտում, մի քիչ խաղում եմ, հետո գալիս եմ դաս եմ սովորում»: Գիտությու՞նն է պատճառը, թե` գյուղի սահմանափակ առօրյան, աշակերտը ժամանակ է ունեցել կողմնորոշվելու նաև սիրելի առարկայի ընտրության հարցում: Ութերորդ դասարանից հետո Սմբատը ուսումը կշարունակի հարևան Քարագլուխի ավագ դպրոցում, թեև պայմանների առումով Սալլի դպրոցն ավելի լավն է: Կրթօջախը նորոգված է, կա նաև ինտերնետ` միացված վեց համակարգչի: Դպրոցի տնօրեն Մհեր Հովակիմյանը հպարտանում է իր դպրոցով. «Հարևան գյուղերում ինտերնետ կապ չունեն, բայց մենք հնարավորություն ունենք ստեղծելու կամ ինտերնետից օգտվելու: Համակարգիչների քանակությունը երբ հաշվում ենք, 4 աշակերտին մեկ համակարգիչ է ընկնում: Ինտերնետից բացի, ժամանցի երկրորդ հանգրվանը կլինի նաև գյուղի մշակույթի տունը, որը նորոգվում է»,- ասում է նա: Դեռ չեն որոշել` ինչ միջոցառումներ անցկացնել, բայց համայնքը կգերադասեր նախ գործող տեսնել տեղի եկեղեցին: Գյուղի միակ եկեղեցին նախորդ դարի 20-ականներից ավերված է: Մնացել են միայն հիմնաքարերն ու փորագրությունները: Խաչքարերն էլ ամբողջ դաշտով տարածված են: Սուրբ Մամասը 4-րդ դարի կառույց է: Գրիգոր Լուսավորչի ուղարկած ուխտավորներն են տեղը որոշել, մասունքներն էլ թողել են մատուռի հիմնաքարի տեղում: Հարյուրամյակներ անց թուրքերը քանդել են սրբատեղին: Այստեղ մնացել է միայն փշատենին: Գյուղապետի խոսքով վերջին անգամ ասյտեղով արջեր են անցել: Սալլի գյուղի հիմնական ապրուստն ու կենցաղը գյուղատնտեսություն է, այգեգործությունն ու անասնապահությունը, մեղվաբուծությունն էլ պակաս ձեռնտու չէ: Հենց իրենք են վկայում, որ գյուղը հարևան բնակավայրերից հետ չէ`  ո’չ կրթության, ոչ էլ սպորտի մրցույթներում: Մինչդեռ գյուղը դատարկվում է: Վերջին նորածինը մեկ տարի առաջ է լույս աշխարհ եկել` այն էլ միայն այն պատճառով որ ընտանիքում տղա զավակ չկար: Երբ կլինի հաջորդը` չգիտեն, սպասում են Ամանորին` երբ տղամարդիկ կվերադառնան Ռուսաստանից:

Դավիթ Դավիթյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930