Այսօր «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի մրցույթի վերաբերյալ ասուլիսում հայտարարվեց, որ մրցույթը կայանալու է դեկտեմբերի 2-3-ին՝ «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: Մրցույթը վարելու են Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Մրցույթին հավատարմագրված 50-ից ավելի լրագրողները կարող են ներկա լինել նաեւ փորձերին: Կազմակերպիչներ Գոհար Գասպարյանն ու Արտակ Վարդանյանը տեղեկացրին, որ գլխավոր փորձի օրվա տոմսերի գինը կազմում է 3.5-22 եվրոյին համարժեք դրամ, իսկ հիմնական մրցույթինը՝ 9-55:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» ներկայացնող 12-ամյա Դալիթա Ավանեսյանն արդեն կազմ-պատրաստ է եւ ոգեւորված: Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի տարբերանշանը յուրօրինակ է: Այն բաղկացած է երաժշտական էկվալայզերներից. դրանք սարեր են, որոնք բարձունք են խորհրդանշում: Նշանաբանն է` «Հասիր բարձունքի»: Տարբերանշանը ստեղծվել է «Հ1»-ի ստեղծագործական թիմի, Եվրոպական հեռարձակողների միության եւ Անտոն Բարանովի ջանքերով:
Մարի ԽԱՉԱՏՐՅԱՆ