Կապանում կարեւորագույնը բազմաբնակարան շենքերի անմխիթար տանիքների ու վերելակների խնդիրն է, լուծումը կապված է մեծ ֆինանսների հետ է: «Ճիշտ է, վերջին 3 տարիներին համայնքի, պետության միջոցներով մոտ 41 տանիք է վերանորոգվել, բայց դա քիչ է, 50-ից ավելի տանիքներ դեռ հրատապ նորոգման կարիք ունեն, շատ սարսափելի ու ծանր է վիճակը: Վերելակներն ու տանիքները համարվում են բնակիչների սեփականություն եւ օրենքի համաձայն՝ համատիրությունները այդ գործերը պետք է կատարեն: Իսկ այսօր համատիրությունները գրեթե չեն գործում, բնակիչները սպասարկման վճարները չեն վճարում, ուստի համայնքն իր ենթակայության տակ գործող մի շարք օբյեկտների խնդիրները լուծելու փոխարեն՝ համայնքի բյուջեից միջոցներ է հատկացնում այս խնդիրների լուծման համար, քանի որ չենք կարող աչք փակել այս ամենի վրա: Սա մեզ համար ամենաբարդ հարցն է», – այսօր ասուլիսում ասաց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը:
Քաղաքի շատ մշակութային օբյեկտների` արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների ջեռուցման ու նորոգման հարցերի լուծումը կփորձեն գտնել եկող տարի՝ դոնորների օգնությամբ, համայնքն այդքան փող չունի:
Կապանում ավելացել է մանկապարտեզ, երաժշտական դպրոցներ հաճախող երեխաների թիվը, արդյունքում՝ մանկապարտեզներում ավելացել է 41, իսկ դպրոցներում 6 հաստիք: Սակայն երեխաների թվի ավելացումը նաեւ համայնքի ծախսերն է ավելացնում: «2008-2011 հատվածում երեխաների թիվը մանկապարտեզներում աճել է 300-400-ով, մոտ 25-30 հազար դրամ է կազմում մեկ երեխայի ծախսը, իսկ նրանց ամսական վարձը 4000 դրամ է, անապահով ընտանիքներից շատերի համար՝ մոտ 2500 դրամ: 9 խմբասենյակներ ենք բացել այս տարվա մեջ, նոր մանկապարտեզի կառուցման խնդիր կա, բայց 200 միլիոն դրամ է հարկավոր դրա համար, որը մեր ուժերով անելը անիրատեսական է»,- հայտարարեց քաղաքապետը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ