Բլոգեր Վահե Շահվերդյանն ասում է՝ տիրապետում է հոսթինգի բոլոր նրբություններին, նշում է՝ սերվերից է կախված ներբեռման արագությունը: Ըստ նրա՝ Հայաստանում նորմալ սերվեր չկա: Ամենաուժեղը գերմանականներն ու ամերիկյաններն են: Հինգ տարի առաջ, երբ լսել է հոսթինգ տերմինը, կողքին եղած ծրագրավորողը միանգամից աչքով է արել և հետո բացատրել, թե ինչ է դա:
Հոսթինգը իրենից ներկայացնում է համակարգչային կամ դիսկային տարածք, որի վրա տեղադրվում է տեղեկատվություն` համացանցում հասանելի դարձնելու համար, օրինակ՝ կայքերը: Կազմակերպությունը, որը զբաղվում է հոսթինգով, կոչվում է հոսթինգ պրովայդեր կամ հոստեր: Հոստերը սերվերի կոշտ սկավառակի վրա ապահովում է հիշողություն, որտեղ դրվում է նախագիծը:
Սերվերների ձևի նախընտրության հարցում այլընտրանքային լրատվամիջոցների վերլուծաբան, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ պետք հաշվի առնել մի քանի ցուցանիշ և դրանք բերել բալանսի։ Այն է՝ գինը, դիսկային տարծությունը, արագությունը, տրաֆիկային սահմանափակումները։ «Նախընտրելի սերվեր ընդհանուր առմամբ չի լինում։ Եթե դուք մի քանի էջանոց ներկայացուցչական կայք եք բացում, հերիք է վերցնել ամենամատչելի տարբերակներից մեկը՝ վիրտուալ սերվերի վրա։ Եթե ԶԼՄ եք բացում, այդ դեպքում պետք է հաշվի առնել ինչպես հնարավոր մեծ հոսքերը այցելուների, այնպես էլ թշնամիների կողմից, օրինակ, հնարավոր DDoS հարձակումները, և այդ ժամանակ ձեզ պետք կլինի առանձնացված սերվեր։ Իսկ եթե բացում եք համաշխհարհային լայն տարածվածություն ունեցող սոցիալական ցանց, ապա դուք, եթե հաջողության հասնեք, ստիպված կլինեք վարձակալել հազարավոր սերվերներ կենտրոնում»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը: Գոյություն ունեն առանձին և վիրտուալ սերվերներ: Փորձագետը նաև հայտնում է, որ առանձին սերվերը ենթադրում է` տրամադրում են ռեալ ֆիզիկական մեքենա, ինչը նշանակում է, որ սկավառակի վրա այլ կայքեր չկան, և կառավարելու լայն հնարավորւոթյուններ է տալիս։ Վիրտուալի – VDS – դեպքում` դուք նույնպես նույն հնարավորություններն ունեք, սակայն զուտ ֆիզիկապես ձեզ տրամադրում են սկավառակի մի մասը, որը վիրտուալ առանձնացվում է վրան գործող այլ կայքերից: Բլոգեր Վահե Շահվերդյանի համար նախընտրելի է առանձին սերվերը «Քանի որ այն միայն քոնն է, եւ քեզնից է կախված նրա արագությունը, տրաֆիկը և այլն»:
Արամ Արարատյան