Ըստ սեքսոլոգ Արսեն Պետրոսյանի՝ «Մեկ-երկու անգամ մարմնավաճառ կնոջ հետ շփվել, դեռ չի նշանակում՝ տիրապետել ամբողջ «Կամասուտրային»
«Հայերը տառապում են «չտեսության սինդրոմով»: Նոր-նոր սեռական կյանքով ապրող տղամարդը, երբ սկսում է ճաշակել սեքսուալ կյանքի քաղցր պտուղները, ձգտում է միանգամից ամեն ինչի, փորձում մեկ օրում, թեկուզ ուշաթափության հասնելու գնով, որքան հնարավոր է շատ զբաղվել սեքսով: Սա շատ վատ է, չնայած՝ մյուս կողմից էլ մեղադրել պետք չէ, քանի որ մեզ մոտ բարքերն ուրիշ են, մինչամուսնական սեռական հարաբերությունները չեն խրախուսվում հասարակության կողմից եւ այլն: Տղան թե մի քիչ ճարպիկ է լինում՝ մինչ ամուսնանալը հասցնում է սեռական կյանքում փորձ ձեռք բերել, իսկ եթե ոչ՝ ամուսնանալուց հետո չտեսի պես հարձակում է գործում կնոջ վրա: Դե աղջիկների մասին էլ չեմ խոսում, ընդունված կարգի համաձայն՝ նրանք անպայման պետք է կույս ամուսնանան, անկախ ամեն ինչից: Հենց այս դեպքում է, որ ես ասում եմ՝ մեր երիտասարդները տառապում են «չտեսության սինդրոմով»: Հայ տղամարդկանց մոտ սեքսուալ կյանքում փորձ ձեռք բերելը արտացոլվում է մարմնավաճառ կանանց հետ շփվելով: Մեկ-երկու անգամ «լեւի գնալով» որոշում են, որ ամեն ինչ գիտեն ու արդեն պատրաստ են «Կամասուտրայի» բոլոր ձեւերով սիրով զբաղվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է սեքսապաթոլոգ Արսեն Պետրոսյանը, հավելելով, որ, ցավոք, հայ երիտասարդները սեքսի վերաբերյալ «թրեյնինգներն» անցնում են մարմնավաճառների մոտ, որի հետեւանքով ձեռք են բերում մի շարք խնդիրներ:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ անգամ պահպանակից օգտվելու ձեւը չիմացող մեր երիտասարդները իրենց «սեքսի ուսուցիչ» մարմնավաճառներից վարակվում են մի շարք հիվանդություններով, անուշադրության են մատնում մասնագետին դեմելն ու շատ արագ բուժում ստանալը, արդյունքում՝ հիվանդությունն էլ ավելի է բարդանում, ինչն էլ իր ամենավատ ազդեցությունն է թողնում նրանց հետագա սեռական կյանքի վրա:
«Իմ աշխատանքային գործունեության ընթացքում հասցրեցի համոզվել , որ ըստ մեր երիտասարդների՝ սեռական կյանքի մասին ունեցած սահմանափակ գիտելիքների՝ «տղեն տղա չի, որ գոնե մի անգամ վարակված չի». Ցավոք, այս սխալ կանոնը չափանիշ է դարձել տղաների շրջանում: Առանց հասկանալու՝ վնասում են իրենք իրենց»,– ավելացրեց սեքսապաթոլոգը՝ խորհուրդ տալով զգուշանալ պատահական սեռական կապերից, անպայման պաշտպանվել: