Գրեթե բոլոր աղջիկների նման հարյուրավոր ֆիլմեր եմ դիտել ողբերգական ավարտ ունեցող սիրային պատմությունների մասին, վերապրել ենք հերոսուհիների ցավն ու նրանց հետ հավասար սրտնեղել ենք, տխրել ու արտասվել դրանք դիտելու ընթացքում, սակայն գիտակցության մեջ արմատավորել դրանք սոսկ որպես դրամատիկ պատմություններ և ոչ ավելին: Այդ տրագիկ մելոդրամաներին զուգահեռ դիտել և ընթերցել ենք նաև անթերի թվացող սիրային պատմություններ, որոնք նույնպիսի ուժգնությամբ հուզել են մեր կանացի փխրուն հոգիները, և մենք անդադար երազել ենք, երազել ենք գտնել մեր այն կեսին, որ ֆիլմերում հոգ է տանում սիրելիի մասին, երբ աղջիկը նույնիսկ անբուժելի հիվանդությամբ է տառապում:
Կա՞ արդյոք այդպիսի ինքնանվեր ու անձնուրաց սեր, գոյություն ունե՞ն տղաներ, ովքեր մի կողմ կդնեն իրենց եսամոլությունը և հանրության հանդեպ վախն ու թուլությունը ու կպայքանարեն հանուն սիրո:
Սովորում էր ԲՈՒՀ-ում, 3-րդ կուրսի ուսանողուհի էր…
Արտաքին տվյալներն և երկրպագուների անհամար բազմությունը փոքրիշատե վստահություն էին ներարկել իր մեջ: Սիրուն վերաբերում էր իբրև մարդկային ռոմանտիկայի ամենավառ դրսևորման և խիստ վերացական երևույթի, չէր էլ ենթադրում, որ տղաների հանդեպ խիստ արհամարհական վերաբերմունքը մի օր կվերածվի իսկական սիրո:
Ամիսներ առաջ հանդիպեց մի երիտասարդի, ով աղջկա առանձնակի ուշադրությանն արժանացավ իր յուրօրինակությամբ. նա հաճելի արտաքին ուներ, աներևակայելի խելացի ու բարեհաճ էր: Նրանց ընկերությունը տեղափոխվեց սոցիալական ցանց և այնտեղ հասավ մտերմության աստիճանի: Կարճ ժամանակ անց անցան հեռախոսային խոսակցությունների, և քանի որ միևնույն համալսարանում էին ուսանում, հանդիպումներն ևս անխուսափելի դարձան…. Երբեմնի diva-ն` ով չէր նկատում տղաների գոյությունը և նրանց համարում էր միատարր զանգված, հրապուրվեց, ավելին` սիրահարվեց:
Ամեն ինչ հարթ էր ընթանում, աղջիկը զղջում էր, որ թյուր կարծիք է ունեցել սիրո և տղաների մասին: Նա գտել էր իր ասպետին, նրանք երջանիկ էին… Նրա ընտանիքը տղային ընդունեց դրական: «Նա սիրում էր ինձ, ես` իրեն, թեպետ չէի խոստովանում»,- պատմում էր աղջիկը: Անհնազանդ և սկզբունքային աղջիկն մի կողմ էր նետել իր իսկ գծագրած կարծրատիպերի քարտեզն ու ապրում էր իր ասպետով: Դասերից հետո օրվա մեծ մասը միասին էին անցկացնում:
Գարնանային ուժեղ անձրևի տակ կիլոմետրերով քայլում էին, ծիծաղում, գրկում միմիանց: Երբ փարվում էր տղային իրեն ապահով էր զգում, այնքան ջերմ, որ աշխարհում ամեն բանի մասին մոռանում էր տղայի գրկում: Տղան այնքան հոգատար ու նվիրված էր թվում աղջկան, երբ աղջիկը հիվանդ էր, նա խնամում էր նրան, գդալ-գդալ կերակրում և կիսում աղջկա ծանր դրությունը իր ներկայությամբ: Այնքա՜ն քնքշորեն էր սիրում աղջկան, որ նրանց շրջապատում շատերն էին նախանձախնդրորեն մոտենում նրանց հարաբերություններին:
Սկսվեցին կոնֆլիկտներ, փոխադարձ մեղադրանքներ, ամենաաննշան հարցերի մանրախնդիր պարզաբանումներ, որոնք քայքայում էին նրանց հարաբերությունները: Աղջիկը աննկարագրելի կապվածություն էր զգում երիտասարդի նկատմամբ և աչք էր փակում նրա բնավորության անհեթեթ քմահաճությունների վրա` փորձելով պահպանել հարաբերությունները, իսկ տղան ոչինչ չէր անում: Վիրավորանքները, մեղադրալից տոնը աղջկա կոկորդը խեղդում էին, նա հազիվ էր զսպում արցունքները, հիշում էր իր հպարտության մասին, սակայն չէր կարողանում համակերպվել սիրելիից հեռու լինելու մտքի հետ:
Վերջապես մի օր հավաքեց համարձակությունը և հաղորդագրություն ուղարկելով ազդարարեց հարաբերությունների ավարտը… Տղան լռեց… Կարծես շատ հարմար իրավիճակ էր, նա չփորձեց որևէ կերպ դեմ գնալ այդ որոշմանը: Աղջիկը մտածում էր, որ շուտով կմոռանա տղային… Անքուն գիշերներ, թաց աչքեր, երաժշտություն, որոնք եռապատկում էին թախիծն ու դառնությունը` հիշեցնելով միասին անցկացրած լավ օրերը:
Սոցիալական ցանցում աղջիկն իր ընկերների միջից հեռացրեց թե՛ տղային, թե՛ նրանց ընդհանուր ընկերներին` հուսալով, որ առավել շուտ կմոռանա տղային, եթե նրա մասին հիշեցնող որևէ մեկը կամ որևէ բան չլինի իր շրջապատում:
Սակայն տղան շատ շուտ վերականգնվեց. ընկերացավ բազմաթիվ աղջիկների հետ, սկսեց երկխոսություններ ծավալել` ծաղրելով աղջկա զգացմունքները և ինքնասիրությունը: Լուսանկարներում նույնիսկ թեթևակի տխրություն չէր նկատվում նրա աչքերում, նա երջանիկ էր, կարծես ազատվել էր ծանր բեռից: Աղջկա հիասթափությունը օրըստօրե խորանում էր, խաբված լինելու զգացումը գումարվում: Ցաված սիրտը այլևս կորցրեց իր հավատը… Տղայի ցինիզմը անցավ հնարավոր և ենթադրելի բոլոր սահմանները` անարգելով աղջկան: Նա «նոր» աղջիկներին նույն երգերն էր նվիրում, որ այն աղջկա համար կենսական կարևորություն ունեին: Երբեմնի գեղեցիկ և հուզիչ տողերն այժմ երիտասարդը նվիրում էր ուրիշներին` անթաքույց պահելով իր ստորությունը:
Ստորացված ինքնասիրությամբ առաջ գնալն այնքան էլ դյուրին չէ, հատկապես երբ անմնացորդ նվիրել ես էությունդ ու դրա դիմաց գեթ սեր ակնկալել: Աղջիկը հուսալքվեց, նա իրավացիորեն կարծում էր, որ եղել է ուղղակի հաճելի ժամանցի առարկա, թվացյալ երջանկությունը երկար չտևեց, սակայն խորապես դրոշմ թողեց աղջկա կյանքում` թերարժեքության ինչ-որ զգացման սկիզբ հանդիսանալով: Բոլորին էլ հայտնի է, որ անհասանելի աղջիկներն առավել գրավիչ ու ցանկալի են: Երևի տղայի համար ուղղակի գերնպատակ էր աղջկան հասնելը և «իրենով անելը»: Ամիսներ շարունակ նա անվրեպ խաղում էր իր դերը, հույսեր ներշնչելով աղջկան, որպեսզի հետո հասցնի ջախջախիչ հարվածը: Նա աղջկան բարձրացրեց երկինք, ստիպեց սավառնել երկնային անհոգության մեջ և երազել, որ հետո հանկարծակի նետի վար` վիրավոր ու մենակ թողնելով «սիրելիին»…
Նորա Երզնկյան
Հայ բանասիրության ֆակուլտետ, 2-րդ կուրս
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»