Արամ MP3-ի հետ ժամադրությանը երկար սպասեցինք: Այն պետք է տեղի ունենար ավելի քան 10 օր առաջ, բայց Արամը Հայաստանում չէր: Տասը օր հետո մեր ժամադրավայրը եղավ «Վիտամին» ակումբը:
-Հիշու°մ եք ձեր մանկությունը: Ինչպիսի°ն էիք փոքր ժամանակ:
– Ոնց կարելի է մոռանալ մանկությունը: Ես իմ բարեկամներից շատ եմ լսել, որ փոքր ժամանակ շատ չարաճճի էի: Ինձ վախեցրել են ասելով, որ ինձ կտանեն ինտերնատ ու հետ չեն բերի: Շատ լավ մանկություն եմ ունեցել: Ամենաքաղցր հուշերը կապված են բակի հետ:
–Պատժվե°լ եք չարաճճիությունների համար:
– Բազմիցս: Դժվար պատժած չլինեին, երբ սփռոցով ուտելիքը թափել եմ գետնին, կամ հեռուսացույցն եմ ջարդել: Բայց պատժիս մեթոդները չեմ հիշում:
–Դպրոցական տարիներին, ի°նչ դեպքեր են եղել, որ մինչ այսօր հիշում եք:
– Մի պատմություն կա, որ կյանքումս չեմ մոռանա: Իրականում շատ դաժան է, բայց մինչև հիմա հիշում եմ: 4-րդ կամ 5-րդ դասարանի ամռանը դասարանով գնացել էինք էքսկուրսիա՝ Գառնի, Գեղարդ: Բարձրացանք Գեղարդի դիմացի ժայռը: Առավոտյան ժամը 11-ն էր: Բարձրացանք ու չկարողացանք իջնել: Լացու ու կոծ, ուղղաթիռ, փրկարարներ: Մինչև իջանք արդեն երեկոյան 8-ն էր:
–Ի°նչ էիք երազում դառնալ:
– Քանի որ հայրս ատամնաբույժ է, երազում էի դառնալ ատամնաբույժ: Երեկոյան ժամերին միշտ գնում էի նրա աշխատանքի վայր. ինձ դուր էր գալիս գործիքները, ես չէի վախենում արյունից: Որոշեցի դառնամ ատամնաբույժ կամ վիրաբույժ, բայց՝ ոչ դեղագետ: Երկու բալի տարբերությամբ ընդունվեցի դեղագիտական ֆակուլտետ:
–Ի°նչով էր պայմանավորված մասնագիտության փոփոխությունը:
– Թե բակում, թե դպրոցում միշտ ակտիվ եմ եղել: Երգչախմբում եմ երգել, ունեի տարբեր հետաքրքրություններ: Ուսանողական տարիներից սկսվեց ամեն ինչ. «Ուսանողական գարուններ», КВН, հետո «32 ատամ», «Վիտամին» ու այդպես շարունակ:
– Եղե°լ են դեպքեր, երբ «Վիտամինի բեմում խաղացած կերպարը ինչ-որ կերպ նման կամ հոգեհարազատ է եղել Ձեզ:
– Միանշանակ: Ավելի հոգեհարազատ կերպարներն ավելի լավ ես խաղում: Իսկ նմանություն որպես այդպիսին չեմ ասի: Դու ուղղակի զգում ես, որ այդ կերպարը շատ լավ ես մարմնավորում:
– Ինչպե°ս վերացնել կամ քչացնել ռաբիսը:
-Այդ հարցը շատ խորը արմատներ ունի: Այնպես չէ, որ նա չկար ու մեկ էլ «հոպ» հայտնվեց: Ես ծնվել եմ , ինքը եղել է, ես չկայի, ինքը կար, ես չլինեմ ինքը լինելու է, ես կամ, ինքը կա: Պայքարել դրա դեմ անօգուտ է: Այն մարդը, ով ռաբիզ է լսում, չես կարող իրեն փոխել. դա մարդու վիճակ է: Ճիշտ է, իմ հարսանիքի ժամանակ չի եղել ռաբիզ երաժշտություն, բայց լինում են պահեր, երբ սպիրտի ազդեցության տակ ցանկացել ես ձեռքերդ բարձրացնել ու «հոպա» գոռալ:
Փնովել միշտ էլ կարելի է: Բողոքում են, բայց ո°վ է ինչ- որ քայլ անում դրա դեմ, կամ ի°նչ ձևի քայլ կատարվի: Այս հարցը շատ գլոբալ է, բայց չի կարելի ասել, որ ռաբիզ լսողները «վատն» են:
– Ինչպիսին է Արամը որպես բժիշկ և երաժիշտ:
– Բժշկի այն բազան, որ ես ունեմ, օգնում է հարազատներիս խորհուրդների կարգով: Մեկ- մեկ վիճել բժիշկների հետ դեղերի հետ կապված: Եթե նա ասում է , որ պետք է գնել միայն այս դեղը այս դեղատնից, ես հասկանալով տվյալ դեղամիջոցից, ասում եմ, ինչու միայն այս մեկը, եթե կա փոխարինողը: Իսկ որպես երաժիշտ աշխատում եմ , պրպտում եմ: Չեմ կարող չմտածել երաժշտության մասին. երգը միշտ կա ինձ մոտ: Նորացնում եմ երգացանկս, մոտ ժամանակներս համերգ եմ պատրաստում ԱՄՆ-ում:
– Երկրպագուների կողմից անակնկալ, որ մինչ այսօր հիշում եք:
– Եղել են տարբեր տեսակի անակնկալներ, անգամ փափուկ խաղալիքների տեսքով:
Հիշում եմ մի աղջիկ գործել էր ձայնասկավառակ, վրան էլ գրել Արամ MP3 : Չգիտեմ՝ դա իր մոտ ինչպես էր ստացվել: Պահում եմ այդ նվերը, հիանալի գործ է: Ինձ թվում է` այդ աղջիկը օր ու գիշեր չէր քնել ու պատրաստել էր: Շնորհակալություն քեզ, եթե դու կարդում ես:
–Սկզբունք, որ երբեք չեք դավաճանի:
– Չդավաճանել ինքդ քո սկզբունքներին, «չծախվել»: Ստիֆ Ջոբսը շատ կարևոր բան էր ասում. «Ինքդ քեզ դեմ մի՛ գնա»: Սա միշտ պետք է հիշել:
– Հիշում եք Ձեր առաջին ժամադրությունը:
– Աղջկան ասացի. «Դպրոցի մուտքի մոտ դասերից հետո կհանդիպենք, կգնանք ման գալու: Հանկարծ չտեսնեն ծնողները»: Հիշում եմ այդ աղջկան:
Մելանյա Հարությունյան