Ինչպես երեկ` նոյեմբերի 14-ին, Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20.30-ի սահմաններում՝ Խանջյան փողոցում, Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց «Մերսեդես» C 180 մակնիշի 29 ԼՍ 226 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, հարվածել մայթեզրին կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի «Վերնիսաժ» տաքսի ծառայությանը պատկանող Տ 0187 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ «Մերսեդեսը» հայտնվել էր մայթին եւ բախվել «ՎԱԶ 21214» մակնիշի 61 ՕՕ 770 համարանիշի ավտոմեքենային: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ «Մերսեդեսի» վարորդը դիմել էր փախուստի, իսկ շտապօգնության ավտոմեքենաները մի քանի հոգու տեղափոխել էին հիվանդանոց:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է վթար-վրաերթի վերաբերյալ նոր մանրամասներ:
«Մերսեդես C 180» մակնիշի 29 ԼՍ 226 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` 25-ամյա Գեղամ Խաչատրյանը, որն այսօր մեղայականով ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել, որ վթար-վրաերթի հեղինակը ինքն է, բախվել է Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմաց` մայթեզրին կայանված, «Բաբկեն ե Տաթև» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի Տ 0187 համարանիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է նշված ՍՊԸ-ում որպես վարորդ աշխատող՝ 46-ամյա Հայկազ Միքայելյանը:
Կարդացեք նաև
Բախման հետեւանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել կանգառում կանգնած 17-ամյա Գեւորգ Մխիթարյանին, 18-ամյա Դավիթ Սարգսյանին եւ 17-ամյա Կարեն Ասատրյանին:
«ԳԱԶ 3110»-ին բախվելուց հետո «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր նաեւ «Թուգա Քոմփնի» ՍՊԸ-ի տնօրենի օգնական, 28-ամյա Գրիգոր Վարդանյանի կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 61 ՕՕ 770 համարանիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Քննիչի որոշմամբ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ենթարկվել էր բժշկական հետազոտման, եւ պարզվել էր, որ նա եղել էր ոչ սթափ վիճակում: