Ավագանու անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը հույս ունի, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանին կտեսնի ավելի կատարելագործված:
Այսօր Երեւանի քաղաքապետարանում մինչ կամփոփվեին Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, Aravot.am-ը ավագանու անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի մասին:
«Նա Երեւանի փոխքաղաքապետն է եղել եւ նրա հասցեին բացասական որեւէ բան չեմ կարող ասել: Իր կողմից ղեկավարած այն վարչությունները, որոնց աշխատանքները կանոնակարգել է պարոն Մարգարյանը, նորմալ են եղել: Ինձ թվում է, որ քաղաքապետի պաշտոնում նրան ավելի կատարելագործված կտեսնենք»:
Անդրադառնալով նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը, Գ. Գասպարյանն ասաց, որ իրենց խմբակցությունը, մասնավորապես՝ կրպակների ապամոնտաժման հարցում, որոշ վերապահումներ է ունեցել. «Մեր կարծիքով, ծրագրային դրույթ էր խախտվել, ավագանին ունի զարգացման ծրագիր, որով նախատեսված չէր ապամոնտաժման աշխատանքներ, այսինքն՝ այնտեղ կոնկրետ նշվում էր, որ պետք է լինի արդիականացում, տեղափոխում եւ հատուցման գործընթաց: Բոլորս գիտենք, որ ԲՀԿ-ն, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, միշտ կողմ է եղել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ կանգնած է եղել նրանց կողքին: 2800 կրպակը դա ահռելի թիվ է Երեւանի բնակչության համար՝ փոքր եւ միջին բիզնես իրականացնողների համար եւ մենք ուղղակի չենք կարող թույլ տալ, որ այդ կրպակներն ապամոնտաժվեն, այն էլ ժողովրդի այս ծանր սոցիալական վիճակի դեպքում»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, թե որպես Երեանի ավագանու անդամ երբեւէ մտահոգություն հայտնե՞լ է մայրաքաղաքում առկա տասնյակ խոշոր սուպերմարկետների առկայության վերաբերյալ, որոնք ուղղակիորեն ոչնչացնում են փոքր եւ միջին բիզնեսը, պարոն Գասպարյանը պատասխանեց. «Եթե այսօր կրպակատերերը պահանջում են, որ մնան դաշտում, տնտեսապես գոյատեւում են, ուրեմն նրանց պահանջարկը կա»:
Մեր այն հարցին էլ՝ կարծում եք հասարակ կրպակատերը կարո՞ղ է դեմ գնալ Սամվել Ալեքսանյանին, Գուրգեն Գասպարյանը պատասխանեց. «Եթե որեւէ բողոք եղել է, եթե որեւէ գործառույթ քաղաքային իշխանության կողմից առաջացրել է տհաճություն ժողովրդի մեջ, մենք այդ հարցին անդրադարձել ենք եւ խորապես ուսումնասիրությունների արդյունքում արտահայտել ենք մեր կարծիքը, քանի որ այս հարցում չեմ խորացել, չեմ ուսումնասիրել, չեմ կարող ասել»:
Aravot.am-ի այն հարցին էլ, թե գուցե կրպակատերերին պաշտպանելը ձեր կողմից առաջիկա ընտրություններում նախընտրական քա՞յլ է, պարոն Գասպարյանը պատասխանեց. «Չէ, ընտրությունները կապ չունեն, բոլորը գիտեն, որ ԲՀԿ-ն որեւէ նկատառումով գործընթաց չի անում, որ ժողովրդի համար լավ լինի: Տեսնում ենք սխալ գործողություն, տեսնում ենք վատը, գնում ու կանգնում ենք ճշտի ու լավի կողքը: Ես որեւէ մի անգամ չեմ լսել, որ մի կրպակատեր բողոքի ու ասի, որ իր կրպակը գտնվում է սուպերմարկետի կողքը եւ ինքը չի կարողանում աշխատել»:
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի՝ կրպակներն ապամոնտաժելու վերաբերյալ Կ. Կարապետյանի գործը շարունակելուն, ապա Գ. Գասպարյանն ասաց, որ նախնական խոսակցություններով, Տարոն Մարգարյանը դադարեցնելու է այդ գործընթացը:
Լուսինե Բուդաղյան