Ըստ Նոր Զելանդիայում կատարած ուսումնասիրությունների՝ 50-55 տարեկանից հետո կալցիումի չարաշահումը կարող է անոթային խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Փորձի ընթացքում գիտնականները խորհուրդ են տվել մասնակիցներին շաբաթական հինգ անգամ ընդունել 200գ կալցիում՝ վեց ամսից մինչեւ հինգ տարի տեւողությամբ: Փորձի հեղինակներից մեկը՝ Մարկ Բոլանդը նշում է, որ ի զարմանս փորձագետների, կանանց մոտ նկատվեց սրտանոթային խնդիրների զգալի աճ: «Արդյունքներն ապշեցուցիչ էին եւ նոր հարց էր առաջանում՝ օգտագործե՞լ կալցիում, թե՞ չօգտագործել: Սակայն ամենավատն այն է, որ կալցիումի առեւտուրն ամբողջ աշխարհում հասնում է երեք հազար միլիարդ ԱՄՆ դոլարի», – նշում է մասնագետը: Հետազոտողները կարծում են, որ այդ ոչ այնքան ուրախացնող լուրի հիմքում ընկած է կալցիումի մեծ քանակի օգտագործումը: «Օրական 1գ կալցիումի ընդունումն արդեն շատ է՝ հատկապես 50-ն անց կանանց, ինչպես նաեւ այն տղամարդկանց համար, ովքեր հակված են ընդունելու կալցիումի մեծ չափաբաժին, ուստի դրա ընդունման ժամանակ պետք է հաշվի առնել կանանց կյանքի առաջին կամ երկրորդ փուլում գտնվելու փաստը: Եվ քանի որ կալցիումը օրգանիզմի բնականոն գործընթացի համար շատ կարեւոր բաղադրիչ է, դրա պակասը կամ ավելցուկը կարող է մեծ վնաս հասցնել օրգանիզմին: Ուստի կալցիումի պակասն ավելի լավ է լրացնել սննդի միջոցով: Սակայն, եթե անհրաժեշտ է մեծացնել կալցիումի օրական չափաբաժինը՝ այն պետք է անել միայն մասնագետի օգնությամբ»,- շեշտում է հետազոտող Մարկ Բոլանդը:
Ե. ՉՈԲԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ