Լրահոս
Օրվա լրահոսը

Նախավերջին «աշխարհի վերջը»

Նոյեմբեր 15,2011 13:37

Մեկնաբանում են հայ եւ օտարազգի հոգեւորականները

ՄԻ քանի օր առաջ 2011 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրն էր: Որոշ ապոկալիպտիկ շեղվածություն ունեցող կրոնական կազմակերպությունների համար «հերթական» աշխարհի վերջն էր: Նույն տրամաբանությամբ, աշխարհի հաջորդ «վերջը» կգա 2012 թվականի 12-րդ ամսվա 12-ին: Քանի որ 13-րդ ամիս չկա՝ 12.12.12-ը կլինի ամենավերջին «գոլդ» աշխարհի վերջը:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի Նուբարաշեն համայնքի հոգեւոր հովիվ տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշեց, որ աղանդները նման ամսաթվեր ընտրում են՝ դրանց ավելի գեղեցիկ եւ սիմվոլիկ լինելու պատճառով, որպեսզի ավելի տպավորիչ լինի: Ըստ նրա՝ այս «աշխարհի վերջերի» շարքը սկսվեց 2000-ից եւ դեռեւս շարունակում է մնալ արդիական թեմա. «Ես նաեւ դպրոցում եմ դասավանդում՝ առնվազն ամեն 5-րդ աշակերտն է հարցնում դրա մասին»:

Մեր հարցին՝ ի՞նչ պատասխան են ստանում ապոկալիպտիկ թվականների մասին հարցնող մարդիկ, տեր Նիկողոսը պատասխանեց. «Բնականաբար, ասում եմ, որ դա սուտ է եւ որեւէ մեկը չի կարող գուշակել աշխարհի վերջը: Աստվածաշնչում աշխարհի կործանման համար ոչ մի թվական նշված չէ: Նույնիսկ Քրիստոսը Աստվածաշնչում ասում է, որ աշխարհի վերջի մասին ինքն էլ չգիտի, ոչ էլ հրեշտակները, այլ միայն Հայր Աստված գիտի»: Նույն պատասխանը ստացանք նաեւ Տիրան աբեղա Հակոբյանի հետ զրույցում՝ Երուսաղեմից: Հայր սուրբը մեջբերեց Սուրբգրյան հատվածը. «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ Հայրը։ Մատթ. 24:36»:

Ամենավերջին «գոլդ» 12.12.12 աշխարհի վերջից հետո ի՞նչ կանխատեսումներ կանեն Հայաստանում գործող ապոկալիպտիկ շեղվածություն ունեցող խմբակները հարցին ի պատասխան, տեր Նիկողոսը ասաց. «Այդ հարցում նրանց կօգնի իրենց ամենալավ հուշարարը՝ Սատանան», իսկ Տիրան աբեղան կարծում է, որ ինչ-որ խմբակներ կսկսեն նշել 13.03.13-ը:

Թե որքանով է ապոկալիպտիկ կանխատեսումների մեջ ունեցած հետաքրքրությունը մեծ ռուս ուղղափառ եկեղեցու հավատավորների մեջ՝ փորձեցինք իմանալ նրանց հոգեւորականներից:

Շատերը խուսափեցին հարցերին պատասխանել, իսկ ավագ քահանա Վիկտոր Կոպոլաեւը՝ ՌԴ Կիրովի շրջանից, հայտնեց, որ ապոկալիպտիկ շեղվածություն ունեցող աղանդներից իրենց տարածաշրջանում հայտնիություն ունեն «Եհովայի վկաները». «Մեր եկեղեցի հաճախողներն էլ էին հետաքրքրվում դրանով, ասացի, որ Աստված արգելել է մեզ մտածել դրա մասին: Աստված ասել է՝ արթուն մնացեք եւ աղոթեք եւ ասել է՝ ձեր գործը չէ իմանալը այն ժամկետներն ու ամսաթվերը, որոնք Աստված դրել է իր իշխանության մեջ»:

Ավագ քահանա Վիկտոր Կուպոլաեւը լավատես է եւ կարծում է որ 12.12.12-ից հետո աղանդները «մի քիչ կհանգստանան»:

Մոլդովայի Կապրիանական վանական համալիրից հայր Սերաֆիմ Լյախուի հետ զրույցում իմացանք, որ, նրա տվյալներով՝ Մոլդովայում, Ռուսաստանի համեմատությամբ, շատ ավելի քիչ են այդպիսի բաներով հետաքրքրվողները: «Պետք չէ ժամանակ ծախսել նման դատարկ բաների վրա: Աշխարհի վերջով անտեղի զբաղվելով՝ մարդը ինքն իր համար է մոտեցնում այն»,- ասաց հայր Սերաֆիմը:

ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930