Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ծանրորդների վրա ա՞չք կա

Նոյեմբեր 15,2011 13:32

2006 թվականից ի վեր Հայաստանի ծանրորդները երբեք այսքան անհաջող մասնակցություն չէին ունեցել միջազգային մեկնարկներում: Ավելին, այս մարզաձեւն ամեն տարի, որպես կանոն, նվաճել է հանրապետության բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչների արժանացած մեդալների ընդհանուր թվաքանակի առնվազն 50%-ը:

ՈՐ փարիզյան մրցահարթակը մեզ համար անհաջող էր լինելու, երեւում էր դեռ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ: Նախ, ասես, ճակատագրի թելադրանքով ավտովթարի ենթարկվեց աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որի մասին ասում էին, թե նա աշխարհի առաջիկա մի քանի առաջնություններում, իսկ առաջին հերթին՝ Լոնդոնի օլիմպիական խաղերում, ոսկե մեդալի անվերապահ թեկնածուն էր: Ապա, Փարիզից առաջ արդեն որերորդ անգամ վնասվածք ստացավ Անթալիայի աշխարհի առաջնության պոկում վարժության ոսկե մեդալակիր Արա Խաչատրյանը, որը մինչ այդ լիովին պատրաստ էր Թուրքիայում կորցրածը Ֆրանսիայում վերադարձնել: Վնասվածքից ապաքինվել ու լավ մարզավիճակում էր նաեւ Առաքել Միրզոյանը: Սակայն վերջին ուսումնամարզական հավաքներից մեկում այդ վնասվածքն իրեն կրկին զգալ տվեց ու ծանրորդը չմեկնեց Փարիզ: Սա՝ դեռ մինչեւ աշխարհի առաջնությունը: Իսկ ի՞նչ կատարվեց արդեն Փարիզում: Անդրադառնում ենք միայն մեդալների հավակնող մեր ծանրորդներին:

69 կգ քաշային Մելինե Դալուզյանը մրցավայր մեկնել էր միայն ոսկու, վատթարագույն դեպքում՝ գոնե արծաթե մեդալի համար: Ու պատահական չէր, որ նրա նախնական հայտն ամենաբարձրն էր ուժեղագույնների խմբի մասնակիցների մեջ: Բայց կատարվեց այն, ինչ ոչ մեկի մտքով անգամ անցնել չէր կարող: Պոկում վարժությունում աշխարհի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը երեք անգամ ձախողվեց՝ զրո ստանալով: Ի՞նչ կատարվեց նրա հետ: Միանշանակ պատասխանել առայժմ չենք կարող: Բայց ենթադրելի է, որ «վառվեց» չեմպիոնական տիտղոսին առաջին անգամ այդքան մոտ լինելու զգացողությունից եւ անպայման երազանքն իրականացնելու ցանկությունից:

Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, անկեղծ լինենք, Անթալիայում ոսկե մեդալը նվաճեց միայն այն բանից հետո, երբ աշխարհի ռեկորդակիր չինացի մրցակիցը տապալեց հրում վարժության իր վերջին երկու մոտեցումները: Այս առաջնությունում պայքարն անհամեմատ ավելի դաժան էր ու ավելի դժվար՝ Տիգրանի համար, քանի որ չեմպիոնական տիտղոսը պահպանելն ավելի բարդ է, առավել եւս՝ չինացի երկու գերհզոր մրցակիցների հետ պայքարում:

Հռիփսիմե Խուրշուդյանը ռուսաստանցի Տատյանա Կաշիրինային եւ չինուհի Լուլու Զուին մրցակից չէր: Դա հայտնի էր ի սկզբանե: Սակայն պատվո պատվանդանի երրորդ աստիճանը ամենամեծ հավանականությամբ նրանն էր լինելու: Նրա եւ ուկրաինացի Օլգա Կորոբկայի մինի պայքարը, կարծես, հենց դրան էլ տանում էր: Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ Հռիփսիմեն, որ, մասնագետների հավաստմամբ, գերազանց մարզավիճակում էր, երկրորդ մոտեցման ժամանակ կվնասի ձեռքը ու դուրս կմնա հետագա պայքարից: Լավ է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ եւ, մեզ հասած տեղեկություններով, նա մոտ ապագայում կարող է վերսկսել մարզումները:

Եվ, վերջապես, Ռուբեն Ալեքսանյանը: Հայտնի է, որ երիտասարդ այս ծանրորդն իրեն այնքան էլ լավ չի զգում պոկում վարժությունում, սակայն հրումը նրա այցեքարտն է: Առաջին մրցաձեւից հետո Ռուբենի զբաղեցրած 10-րդ տեղը մեզանից ոչ ոքի չէր անհանգստացնում, քանի որ վստահ էինք, որ պակասը նա շուտով ետ կբերի: Հրումն սկսելով 2040 կգ մեկնարկային քաշից՝ Ալեքսանյանն այն սանձեց: Սակայն մի պահ խախտեց սահմանված նշագիծը, եւ մրցավարները մոտեցումը չհաշվեցին: Գուցե հենց դա էլ հոգեբանորեն ազդեց նրա վրա, որից հետո հայ մարզիկն այդպես էլ չկարողացավ վերագտնել հոգեբանական հավասարակշռությունը եւ հաջորդ երկու մոտեցումներն էլ տապալեց:

Ինչեւէ, եղածը՝ եղած է: Հիմա մեր մարզիչներից եւ մարզաձեւի ղեկավարներից պահանջվում է ճիշտ վերլուծել կատարվածի պատճառները եւ համապատասխան որոշումներ կայացնել:

Լոնդոնի օլիմպիական խաղերին շատ քիչ ժամանակ է մնում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930