«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության համատեղ ջանքերով այսօրվանից կմեկնարկի «WebԾիրան» առաջին համահայկական online կինոփառատոնը:
«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես Webtv.am ինտերնետային հեռուստատեսությամբ՝ 5 օր անընդմեջ: Այս կինոփառատոնին մասնակցում են Հայաստանում եւ արտերկրում բնակվող բոլոր հայ կինոռեժիսորները, ովքեր ներկայացրել են մինչեւ 20 րոպե տեւողությամբ ֆիլմ, առանց ժանրային սահմանափակումների՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն: Հայտ ներկայացրած ռեժիսորների թվում են Լալա Մնացականյանը, Էմմա Կարապետյանը, Լեւոն Հովհաննիսյանը, նույնիսկ ուսանող ռեժիսորներ:
«Կինոփառատոնի ստեղծման գաղափարը առաջացել է ամիսներ առաջ, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի հետ միասին որոշեցինք անցկացնել Webtv ինտերնետային հեռուստատեսությամբ իր ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն: Սկսեցինք նրա «Կոնդ» ֆիլմից, իսկ փառատոնի անվանումը առաջարկեց ռեժիսոր Արա Խանջյանը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը:
Յուրաքանչյուր շաբաթ կցուցադրվի 6 ֆիլմ, ֆիլմերի անունները նախապես կդրվեն կայքում: «Սկզբում կարծում էինք, թե կունենանք 10-11 ֆիլմի հայտ, սակայն այժմ 35 ֆիլմ ենք ցուցադրելու: Ունենալով որակյալ լսարան՝ այս ֆիլմերը կունենան արդարացի ընտրություն»,- ավելացրեց պարոն Մանուկյանը: Նա ասաց, որ փառատոնին ներկայացվող ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, հաղթողը կորոշվի ինտերնետային քվեարկության միջոցով, որը կկայանա նույն կայքում՝ առանց ժյուրիի ներկայության: Կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 25-ին:
«WebԾիրան» կինոփառատոնում հաղթող ֆիլմը կստանա $1000-ին համարժեք դրամ, իսկ խրախուսական մրցանակը կկազմի $500: «Ցանկալի է՝ ֆիլմն առանց դիտելու չքվեարկել»,- կոչ արեց Արայիկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ կայացած ասուլիսում Հարություն Խաչատրյանն էլ ասել էր, որ փառատոնն անցկացվելու է եռամսյակը մեկ: Նա նաեւ հավելել էր, որ սպասելիքներն առաջին փառատոնից այնքան էլ մեծ չեն, որովհետեւ փորձը ցույց է տալիս՝ սովորաբար ակտիվությունն ակնհայտ է լինում 3-րդ փառատոնի ժամանակ եւ դրանից հետո: Կազմակերպիչները համոզված են, որ «WebԾիրանը» հարմար է նաեւ նրանով, որ այսօր շատերը ավելի կապված են համակարգիչներին, ու քիչ են հեռուստացույցով կամ կինոթատրոններում ինչ-որ բան դիտում: Իսկ այս պարագայում մեծ գումարներ ներդնելու խնդիր չկա, կարեւորը գեղեցիկ գաղափարներն են ու արվեստը:
ՄԱՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ