Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Քաղաքապետին կեղծել են, պատգամավորին՝ զայրացրել

Նոյեմբեր 15,2011 13:24

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հիմա էլ պատասխան է ակնկալում Տարոն Մարգարյանից:

Նոյեմբերի 1-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ էր ուղղել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանին: Այնտեղ նշված է, թե հոկտեմբերի 3-ին, իր պատգամավորական հարցմանն ի պատասխան, հոկտեմբերի 17-ին ստացել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի նամակը, որտեղ, իր կարծիքով, ստորագրությունը կեղծված է: Տիկին Բախշյանը այդ մտահոգությունները կիսել է թե Կարեն Կարապետյանի, թե քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ: Հիմա պատգամավորը խնդրում է Տարոն Մարգարյանին՝ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում պատասխանել՝ ո՞վ եւ ինչո՞ւ է այդ նամակի տակ դրված ստորագրությունը կեղծել: Տիկին Բախշյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե հավանաբար կեղծման պատճառն այն է, որ քաղաքապետին ուղղված նամակում իր կողմից բարձրացված հարցերի պատասխանները շրջանցված են: Նրա պատգամավորական հարցումը վերաբերում էր սեպտեմբերի 24-ին «Առավոտում» հրապարակված եւ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենի կողմից հաստատված «Գլուխդ պատին ես տալիս» լուրին, ինչպես նաեւ նույն դպրոցի ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի՝ հունիսի 28-ին քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետին ուղղված դիմումին ընթացք չտալուն: Դիմումով ուսուցչուհին հայտնել էր, թե դպրոցի մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ տնօրենի եւ մայրենիի ուսուցչուհի Խլոպուզյանի կողմից իր հասցեին հնչել են զրպարտություններ, որի հետեւանքով վիրավորվել է իր արժանապատվությունը: Տիկին Բախշյանն ասում է, որ ի պատասխան իր դիմումի, ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանը հուլիսի 28-ին քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի ստորագրությամբ ստացել է նամակ, որում ասվում է, որ «նամակում բարձրացված հարցերն իրականությանը չեն համապատասխանում»: Պատգամավորը փաստում է, որ տվյալ նամակում խոսք անգամ չի եղել նման դեպքերում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով պահանջվող վարչական վարույթ հարուցելու, վարույթի անցկացման բազմակողմանիության, լրիվության, օբյեկտիվության, մասնակիցներին լսելու եւ վարչական վարույթի նյութերի մատչելիության մասին:

Մեզ հետ զրույցում Անահիտ Բախշյանը նշեց, որ Կարեն Կարապետյանին ուղղված հարցերը հետեւյալն էին՝ քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունը գործող տնօրենի նկատմամբ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, ո՞վ է տնօրենին ծնողական խորհուրդ հրավիրելու վերաբերյալ նման հանձնարարական տվել, քննարկվե՞լ է արդյոք վերոնշյալ հայտարարության օրինականությունը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հանրակրթության վարչության կողմից Անահիտ Հովհաննիսյանի ահազանգում նշված փաստերը պարզելու համար, աշխատակիցներից ո՞ւմ է դա հանձնարարվել քննարկել եւ վայրույթ իրականացնել, անվայել արտահայտություն թույլ տված տնօրենը ի՞նչ գնահատականի է արժանացել: Քաղաքապետից ստացած նամակը դեռ չկարդացած, պատգամավորը նկատել է՝ իր կարծիքով քաղաքապետի կեղծված ստորագրությունը: Այնուհետեւ Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել կառավարության առաջիկա նիստի օրը, սակայն այդ օրը քաղաքապետը հրաժարական է տվել: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը եւս խոստացել է պարզել՝ ինչն ինչոց է, բայց խոսքը գործ չի դարձել: «Մինչ օրս չեմ ստացել պատասխան եւ ինձ անչափ հուզում է այս խնդիրը: Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանից ակնկալում եմ այս հարցի հրապարակային լուծում, ինչպես ե՛ս եմ հրապարակել, այդպես հրապարակային պատասխան թող տրվի այն մասին՝ ո՞վ է քաղաքապետի ստորագրությունը կեղծել»,- պահանջում է Անահիտ Բախշյանը: Պատգամավորն ասում է, որ իր ստացած պատասխան նամակի ձեւակերպումները եւս կասկածների տեղիք են տվել: «Նամակում գրված էր. «Տնօրեն Ս. Սարգսյանը կոպիտ արտահայտվելու առնչությամբ հրավիրվել է քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչություն, որտեղ միջադեպի քննարկման արդյունքում նա ընդունել է իր կողմից անպատշաճ արտահայտվելու փաստը, իսկ քաղաքապետարանի կողմից տնօրենն արժանացել է բանավոր դիտողության»: Ի՞նչ է նշանակում քաղաքապետարանի կողմից»,- զարմանք է հայտնում Ա. Բախշյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ի վերջո, կեղծվա՞ծ է, թե՞ ոչ Կարեն Կարապետյանի ստորագրությունը, եթե այո, ապա ո՞ւմ կողմից: Այս հարցի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտին» հայտնեցին, որ մեկնաբանություններ կներկայացնեն մոտ օրերս:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930