Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիմել նոտարի՞ն, թե՞ կադաստրին

Նոյեմբեր 15,2011 13:17

Գալիք տարվա նոր իրավահարաբերությունները կնպաստե՞ն քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վերաբերյալ գործարքները կատարվելու են նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի գրանցման կադաստրում: Փորձենք անդրադառնալ գործարքների իրավական կողմին: 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վերաբերյալ գործարքները կատարելիս քաղաքացիներն ունեն 2 տարբերակ՝ դրանց վավերացման համար դիմել նոտարին կամ դիմել կադաստրի սպասարկման կենտրոն, որտեղ կհաստատվի նրանց ստորագրության իսկությունը: Նոտարն իրավունք ունի ստորագրության իսկության վավերացման համար որպես ծառայության վճար գանձել առավելագույնը 1000, իսկ կադաստրը՝ 25 000 ՀՀ դրամ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե նույն գործընթացն է, եւ միայն բավարար իրավական գիտելիքներ ունեցող անձը կարող է գտնել տարբերություններ: Սակայն տարբեր ոլորտներ սպասարկող իրավաբանների հետ զրույցներից պարզ դարձավ, որ իրավաբան լինելը բավարար չէ նոտարական համակարգի առաջ քաշած հարցադրումները ընկալելու համար: Այսպիսով, եթե դիմում ենք կադաստրին գործարք կատարելու համար, այնտեղ միայն հաստատվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Ձեր կողմից, եւ դրա հիման վրա կատարվում է պայմանագրի գրանցում: Նոտարը, ի տարբերություն կադաստրի աշխատակցի, իրականացնում է մի շարք խնդիրներ.

1. իրականացնում է կանխարգելիչ արդարադատության խնդիրներ,

2. կանխարգելում է կեղծ եւ շինծու գործարքների մուտքը քաղաքացիական շրջանառություն,

3. կասեցնում է հանցագործություն կատարելու համար կամ դրա կասկածանքով հետախուզվող անձանց գույքի գույքային շրջանառությունը,

4. կասեցնում է հետախուզման մեջ գտնվող կամ կալանքի, կամ արգելանքի տակ գտնվող գույքի գույքային շրջանառությունը:

5. կանխարգելում է կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի մուտքը քաղաքացիական շրջանառություն,

6. կանխարգելում է դատական եւ այլ վեճերը՝ գործարքը կատարելիս հանգամանորեն պարզում է գործարքի կողմերի կամքն ու գործի հանգամանքները, կողմերին իրազեկ է պահում գործարքի բարենպաստ եւ ոչ բարենպաստ իրավական հետեւանքների մասին եւ գործարքները կատարում է, եթե առկա է բոլոր կողմերի համաձայնությունը եւ ազատ կամքի արտահայտությունը,

7. անձանց անկախ, անկողմնակալ, օրենքի պահանջներից ու անձի օրինական շահերից բխող իրավական խորհրդատվություններ մատուցելով՝ նպաստում է գործարքի կողմերի իրավական գիտելիքների զարգացմանը եւ թույլ չի տալիս, որպեսզի անձի՝ օրենքի չիմացությունը օգտագործվի ի վնաս իրեն,

8. կազմում եւ օրենքով սահմանված ընթացակարգով վավերացնում է փաստաթղթեր, որոնք լիովին բխում են օրենքի պահանջներից՝ ապահովելով դրանց կայունությունն ու հանրային հեղինակությունը,

9. ապահովում եւ երաշխավորում է գործարքներ կատարելիս իրեն հայտնի դարձած անձնական, ընտանեկան կյանքի գործողությունը, ինչպես նաեւ առեւտրային գաղտնիքները,

10. իր ողջ գույքով, ինչպես նաեւ իր գործունեության ռիսկն ապահովագրելու միջոցով երաշխավորում է իր կողմից հաստատված փաստաթղթերի օրինականությունը,

11. վավերացնելով փաստաթղթեր՝ ապահովում եւ երաշխավորում է դրանց լիարժեք շրջանառությունն օտարերկրյա պետություններում,

12. ապահովում եւ վերահսկում է, որ գործարքները չուղղվեն եւ չնպաստեն փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը:

Առանց նոտարական վավերացման անշարժ գույքի վերաբերյալ գործարքներով կեղծիքների, խաբեության գործարքի կողմերի իրավունքների ոտնահարման պատճառով 2010թ. ՌԴ Պետական Դումա նախագիծ է ներկայացվել անշարժ գույքի նկատմամբ գործարքները պարտադիր նոտարական վավերացմամբ ձեւակերպելու վերաբերյալ: Ի դեպ, ըստ իմ զրուցակից նոտարների՝ այս համակարգը ՀՀ-ում գործում է 1999թ.-ից: Նոտարի կողմից ցանկացած գործարքի վավերացման ժամանակ ստուգվում են գույքի ձեռք բերման հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձանց շրջանակը՝ կիրառելով ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Իմ զրուցակից նոտարները չէին թաքցնում, որ քիչ չեն դեպքերը, երբ նոտարների կողմից բացահայտվել են կեղծ փաստաթղթեր, կանխարգելվել նման փաստաթղթերով վավերացվող գործարքների ձեւակերպումը: Վերոհիշյալ օրենքի մասին տարբեր ոլորտներում աշխատող իրավաբանները շատ բացասական կարծիքներ հայտնեցին: Փաստաբանների կարծիքը բացասական է, չնայած ակնհայտ է, որ շահելու են դատարանները: Գործի պակաս չի լինի:

Եթե քննիչներն ասում են՝ «Նոտարական վավերացում ստացած փաստաթղթերով չեն կարողանում պրծնել ավելորդ գլխացավանքից, էլ ո՞ւր մնաց՝ առանց նոտարի գործը գլուխ գա», քաղաքացիներն էլ պնդում էին, որ այս ամենը արվում է միայն նրա համար, որ Երվանդ Զախարյանը կարողանա հորով-մորով անել իր քաղաքապետ եղած տարիներին վաճառած գույքը:

Փաստն այն է, որ երբ Հայաստանը օրեցօր հայաթափվում է, բնականաբար՝ գործարքների թիվն էլ՝ պակասում, նոտարներն ի՞նչ գործ են անելու, որ արդարադատության նախարարն էլ վերահսկի: Իսկ կադաստրի պատասխանատուն էլ, իրենց փոփոխված օրենքի համաձայն, կաթողիկոսից հետո երկրորդ մարդն է, որի վրա աշխատանքային տարիքային ցենզը չի սահմանվում: Նա կառավարում է ցմահ, ավելի երկար, քան նախարարը:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930