Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն «գրավեց» Իջեւանը

Նոյեմբեր 15,2011 13:14

Իշխանափոխությունը սկսվեց Իջեւանի՞ց

Տեղեկացրել էինք, որ կիրակի օրը Իջեւանը համայնքի ղեկավար էր ընտրում: Առաջադրված էին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը եւ չորս անգամ քաղաքապետ ընտրված, քաղաքը 12 տարի (անկուսակցական) ղեկավարած, այս ապրիլին հանրապետական դարձած Վարուժան Ներսիսյանը: Արդեն հայտնի է, որ հանրապետական դառնալը բացասաբար անդրադարձավ երկարամյա քաղաքապետի վրա. Վարուժան Ներսիսյանը պարտվել է: Մոտ 20 հազար բնակիչ եւ 13 857 ընտրող ունեցող քաղաքում ընտրությանը մասնակցել է 8716 ընտրող, գործող քաղաքապետը ստացել է 3406 քվե, Վարդան Ղալումյանը՝ 5044:

Ինչպես իջեւանյան բոլոր ընտրությունները, սա էլ անցավ բավականին լարված մթնոլորտում, բարեբախտաբար՝ բախումներ եւ միջադեպեր չեղան:

Ի տարբերություն Հանրապետական կուսակցության, որի առաջին դեմքերից կամ որի ցուցակով պատգամավոր դարձած գործիչներից ոչ մեկը չէր բարեհաճել այցելել Իջեւան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Իջեւան էր ուղարկել մի «պատվիրակություն»՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ: Նրա հետ էին ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սաֆարյանը, ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, վերջերս Գագիկ Ծառուկյանի մշակույթի գծով խորհրդական դարձած Թամարա Պողոսյանը, կուսակցության այլ ներկայացուցիչներ: Իջեւանցիները կարեւորում էին, որ ԲՀԿ-ն եկել է «Վարդանի թասիբը պահելու»: Այցի հոգեբանական ազդեցությունը պակաս մեծ չէր, քան այն, որ եկածները հանձնաժողովներում վստահված անձ կամ դիտորդ էին: Քվեարկության օրվանից մի քանի օր առաջ փոխվեցին քաղաքի բոլոր՝ 7 տեղամասային ընտրական հանձնաժողովներում ԲՀԿ ներկայացուցիչները, ներգրավվեցին ընտրությունների փորձ ունեցող անձինք:

Հանրապետական կուսակցության կողմից անտեսված Վարուժան Ներսիսյանին սատարելու էր եկել միայն Դիլիջանի հանրապետական քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Վարդան Ղալումյանի ազգական, Հանրապետական կուսակցության Իջեւանի կառույցի ղեկավար Արծրունի Ղալումյանն էլ, ըստ իջեւանցիների, աշխատում էր ոչ թե իր կուսակցի, այլ իր ազգականի հաղթանակի համար: Արծրունի Ղալումյանը հերքում է այս պնդումը:

Լուրեր կային, թե հանրապետականի աջակցությունը վարչական ռեսուրսների գործադրումն է: Օրինակ, քվեարկության օրվանից մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 5-ին, կայացել էր ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության ժողով, որտեղ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պաշտպանել էր Վարուժան Ներսիսյանի թեկնածությունը: Այդ նիստի մասին տեսահոլովակը ցուցադրվել էր Վարուժան Ներսիսյանի փաստացի սեփականություն «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության, ինչպես նաեւ մարզային ու մարզպետի փաստացի սեփականություն (51 տոկոսը մարզպետինն է) «Տավուշ» հեռուստաընկերության եթերում: Քվեարկությունից մեկ օր առաջ թեկնածու Վարդան Ղալումյանը թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով գրավոր բողոք էր ներկայացրել, որ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ներկայացվել է Վարուժան Ներսիսյանի հետ հարցազրույց, ինչը «Ընտրական օրենսգրքի» խախտում է: Հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը գրավոր պատասխանել էր, որ դիմումին կից պետք է ներկայացվեն «Ընտրական օրենսգրքի» խախտման հիմնավորումներ եւ ապացույցներ:

Վարուժան Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչ՝ նրա եղբայր Հրաչ Ներսիսյանը եւ այլ համակիրներ ընտրական հանձնաժողովին տեղեկացրել էին, թե որոշ դիտորդներ խանգարում են տեղամասային հանձնաժողովների աշխատանքին: Սակայն ընտրատարածքային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովները նման փաստ չեն արձանագրել:

Քվեարկության օրը ոստիկանություն տարվեցին Վարդան Ղալումյանի մի քանի կողմնակիցներ՝ Հայկ Ղալումյանը, ավագանու անդամ Վարդան Օրդինյանի որդին, ավագանու նախկին անդամ Սուրեն Մանուկյանի հայրը՝ Սերժիկ Մանուկյանը: Նրանց ազատ էին արձակել ոչ շատ անց, իսկ Սերժիկ Մանուկյանին՝ երեկոյան ժ. 19.30-ի մոտ: Ոստիկանությունը պնդում էր, թե Սերժիկ Մանուկյանը ոստիկանություն էր տարվել բողոքի կապակցությամբ՝ իբր ընտրակաշառք է բաժանել, սակայն բողոքը չի հիմնավորվել: Սերժիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում իրեն ոչ մի հարց չեն տվել, ոչ մի գործողություն չեն կատարել: Մեր տվյալներով՝ նոյեմբերի 13-ին ոստիկանություն է տարվել նաեւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը:

Քաղաքապետի ընտրությունների օրը ընտրական տեղամասերի շրջակայքում մարդկանց ոչ մեծ կուտակումներ կային: Կեսօրին եւ դրանից հետո ընտրական տեղամասերի առաջ հերթեր էին գոյացել: Քվեարկելու էին բերել նաեւ ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր ի վիճակի չէին ինքնուրույն ընտրելու:

Ընտրության ելքը հուշում է, որ անկուսակցական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ավելի ուժեղ էր, իջեւանցիների համար՝ առավել ընդունելի: Ընտրության ելքի պարզ դառնալուց հետո «Առավոտը» զրուցեց Վարուժան Ներսիսյանի հետ: Վերջինս բավականին հանգիստ էր. «Բնականաբար, ցանկացած ընտրապայքարում բոլոր թեկնածուները ուզում են հաղթել: Բայց պարտությունը առանձնապես ողբերգություն չէ: Ես փիլիսոփայորեն եմ նայում դրան: Չէ՞ որ այս կյանքում ոչինչ հավերժ չէ, առավել եւս՝ պաշտոնը: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է: Ես շնորհակալ եմ բոլոր ինձ ընտրողներին, ինչու չէ՝ նաեւ չընտրողներին: Վարդան Ղալումյանին շնորհավորել չեմ պատրաստվում, քանի որ թե նախընտրական, թե ընտրապայքարի ընթացքում նա որդեգրել էր ինձ մրոտելու քաղաքականությունը ինչը դուրս է բարեկրթության սահմաններից: Այն, որ օգտվելով բնակչության սոցիալական ծանր վիճակից՝ նրանց ասում էր, թե նպաստը ես եմ կտրում, թոշակը ես չեմ բարձրացնում, աշխատավարձը ես եմ ցածր տալիս, ինչը տրամաբանությունից եւ իմ գործառույթներից դուրս է, եւ նմանատիպ այլ բաներ, որոնք ճղճիմ բանսարկություն կարելի է բնութագրել, դրանից հետո ես չեմ կարող շնորհավորել: Բայց Աստված իր հետ»:

Լուրեր կան, որ քվեարկության օրը՝ երեկոյան, Տավուշի մարզպետ, հանրապետական Արմեն Ղուլարյանը մարզպետարանում ժողով է արել հանրապետականների հետ:

Իջեւանում կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ ինչպես 1920 թվականին, Հայաստանում իշխանափոխությունը սկսվել է Իջեւանից: Հավանական է համարվում ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար, Տավուշի մարզպետ, «ամենաերկարակյաց» մարզպետ (մարզպետ է 1999-ից) Արմեն Ղուլարյանի պաշտոնանկությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930