Ասում է մանկապարտեզի տնօրենը՝ արդարացնելով ջեռուցման համար դրամահավաքը
Մայրաքաղաքի մանկապարտեզներն անվճար դարձնելիս քաղաքապետարանը վստահեցնում էր, որ այդ որոշմամբ լուծվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հարցը: Այսինքն՝ գոնե այդ ոլորտում սոցիալական հավասարություն էր սահմանվում, որպեսզի թե՛ հարուստի, թե՛ աղքատի երեխաները կարողանային հաճախել մանկապարտեզ: Սակայն մեր մանկապարտեզների համար անվճար ասվածը ենթադրում է ֆոնդի փող, մանկապարտեզի հաշվեհամարին ֆիքսված 500 կամ 1000 դրամի փոխանցում, անգլերենի, ռուսերենի, նկարչության խմբակների վարձեր, հանդեսի փող, դայակի, դաստիարակի ծնունդ ու նման մի շարք գումարներ, որոնք, այսպես թե այնպես, անհարմար վիճակի մեջ են գցում սոցիալապես անապահով ծնողին:
Ծնողները պատմում են, որ, օրինակ, թիվ 91 մանկապարտեզում, երբ իրենք չեն ուզում, որ երեխան, ասենք, նկարչության պարապմունքների գնա՝ իրենց կշտամբում են, թե՝ դե որ էդպես է, ձեր երեխան միայնակ կնստի խմբում, մինչեւ իր ընկերները պարապմունքից վերադառնան: Ծնողները ստիպված այդ 1000-1500 դրամի համար, որը մի քանի օրվա իրենց հացի խնդիրը կարող է լուծել, երեխայի հոգեբանության վրա չեն ուզում հետք թողնել ու համաձայնում են վճարել: Ծնողներից մեկի խոսքերով՝ «Ես մի 3 ամսվա պարտք ունեմ, ի վիճակի չեմ վճարել, բայց ստիպված ասում եմ` թող գնա, որ հետ չմնա, թե չէ երեխան ասում էր՝ մամա, ինչի՞ Տաթեւիկը, Լուսինեն գնում են դասի, ես՝ չէ»: Բացի այդ, խմբակներ հաճախող երեխաները օտարալեզու հանդեսներ են տալիս, ու փաստորեն սոցիալապես անապահով ընտանիքի երեխան նորից առանձնանում է իր հասակակիցներից ու հայտնվում դիտորդի կարգավիճակում:
Թիվ 89 մանկապարտեզում լրացուցիչ կրթական ծառայություններ են մատուցվում, բացել են անգլերենի եւ ռուսերենի խմբակներ: Առաջին հայացքից ծնողներն ուրախանում են, երբ երեխաները տանը «table, good morning, good afternoon» են ասում, բայց գիտակցում են, որ իսկապես կամավոր լինելու դեպքում իրենք սուղ միջոցներից այդ 1000-ական դրամը չէին կտրի, քանի որ 1-2 տարի հետո դպրոցում այդ ամենն անցնելու են:
Կարդացեք նաև
Թիվ 89 մանկապարտեզի տնօրեն Թամարա Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ծնողներին անհարմար վիճակի մեջ չեն գցում, որ դրանք կամավոր են. «Հերյուրանքներ են: Ծնողը եթե չի ուզում՝ թող չուզի: Մենք կանխիկ գումար չենք հավաքում, վճարում են մեր հաշվեհամարին, որն ուղղվում է հրավիրված ուսուցչի աշխատավարձին եւ սոցիալական ապահովագրության ֆոնդ»: Մեր հարցին՝ դուք իսկապես գտնում եք, որ դա արդյունավե՞տ է եւ նոր-նոր հայերենը սովորող երեխային ռուսերեն մի քանի բառ սովորեցնելով ինչ-որ հա՞րց է լուծվում՝ տնօրենը պատասխանեց. «Գիտեք ինչ կա՝ որ բոլոր մանկապարտեզներն անցնում են, մի տեսակ կոնկուրենցիայի հարց է առաջանում, ծնողներ կան, որ ասում են՝ ինչո՞ւ մենք հետ մնանք ու չանցնենք»:
Թիվ 97 մանկապարտեզում «կոնկուրենցիայի» հետեւից չեն ընկել ու վճարովի պարապմունքներ չեն իրականացնում: Տնօրեն Կարինե Խանգելդյանը գտել է, որ պետք չեն այդ խմբակները. «Ես գտնում եմ, որ այսօրվա դրությամբ ծնողներին հարմար չէ անվճար մանկապարտեզում վճարումներ անել, կարող է ես սխալ եմ, որովհետեւ երեխան սպունգի պես ուղեղ ունի ու ամեն ինչ լցում է ներս, բայց ես հարմար չեմ գտել»: Փոխարենը՝ այս մանկապարտեզում ջեռուցման համար դրամահավաք է իրականացվում: Դրամահավաքը ո՞րն է, տնօրենի մեկնաբանությամբ՝ «Եթե ցանկություն հայտնում են, ես տալիս եմ հաշվեհամարները՝ իրենք փոխանցում են, որովհետեւ մենք ստացել ենք համապատասխան թերթիկ, որ ծնողն իրավունք չունի անմասն մնալ մանկապարտեզի անցուդարձերից եւ ֆինանսական գործընթացից: Եթե իրենք մանկապարտեզն անվճար են դարձրել, դա չի նշանակում, որ ծնողը բացարձակապես չպետք է մտահոգվի երեխայի առօրյայով: Մենք այնպիսի կաթսայատուն ունենք, որտեղ 9 «բաքսի» է միացված, եւ ամիսը 1 մլն 500 հազարի ծախս է գալիս, նախահաշվով նախատեսված գումարները որքան էլ լինեն, միեւնույն է, ամեն կոպեկն էլ օգուտ է»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ