Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օղու բաժակի շուրջ

Նոյեմբեր 15,2011 12:32

Այն տղամարդը, որը չի հասել ալկոհոլային այն կոնդիցիային, որին հասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, իմ մեջ որոշակի կասկածներ է առաջացնում: Ուրեմն, մտածում եմ ես, այդ՝ երբեք չհարբող մարդը կամ չափազանց հաշվենկատ է, կամ կյանքի ընկալումը նրա համար չափից դուրս «ճիշտ է» եւ, հետեւաբար, տաղտկալի է կամ, վատագույն դեպքում, աղանդավոր: Եթե մարդու «քեֆը լավ է լինում» (իհարկե, որոշակի պարբերականությամբ՝ ոչ ամեն օր եւ նույնիսկ՝ ոչ շաբաթը մեկ), դա, իմ կարծիքով, նրան լավ է բնութագրում: Չկա այստեղ ոչ մի «կոմպրոմատ». եթե այդ վիճակում մարդուն նկարահանում են եւ ցույց են տալիս, տեսնողները իսկապես պետք է զվարճանան՝ ոչ ավելին: Բորիս Ելցինն ավելի «խորացած» վիճակում Գերմանիայում զինվորական նվագախումբ էր «ղեկավարում», բայց, միեւնույն է, նա պատմության մեջ մնաց որպես նշանավոր պետական գործիչ եւ, ի դեպ, որպես Հայաստանի հավատարիմ բարեկամ: Ուրիշ հարց, որ վարչապետ Սարգսյանը չպիտի հերքեր ակնհայտ իրողությունը. դա էլ մեր իշխանավորների սովորությունն է՝ հերքել ամեն ինչ, անկախ նրանից՝ դա իրենց օգուտ է, թե վնաս:
Բայց ավելի զվարճալի էր մեր ԶԼՄ-ների արձագանքը, որը, բնականաբար, հիմնված էր դավադրության տեսության վրա: Ափսոս, ոչ մեկի մտքով չանցավ վարչապետի ուրախ ելույթի կապակցությամբ հարցազրույց վերցնել, ասենք, Աշոտ Մանուչարյանից կամ Իգոր Մուրադյանից. նրանք շատ հանգամանորեն կբացատրեին, թե աշխարհի որ «ուժային կենտրոնն» էր վարչապետի գավաթի մեջ գարեջուր լցրել, իսկ որը՝ այդ գարեջրին նենգաբար օղի ավելացրել: Մեր մեկնաբաններին որ հարցնես՝ առանց համաշխարհային կամ գոնե տեղական դավադրության ոչ միայն վարչապետը ոչ մի քայլ չի անում, այլեւ շուկայի բեռնակիրը չի կարող կարտոֆիլի պարկը շարժել: Թե ինչու հատկապես փոքրաթիվ ազգերի մոտ ցանկացած իրադարձություն նման տագնապ է առաջացնում եւ հեռու գնացող հետեւությունների տեղիք տալիս՝ դա առանձին խոսակցության թեմա է: Փաստ է, որ մենք բացառում ենք կյանքում որեւէ պատահականություն կամ զուգադիպություն եւ միշտ մտածում ենք մեզնից դուրս գտնվող ինչ-որ հզոր ուժերի եւ պարտադիր՝ մեր «չուզողների» մասին:
Դավադրության տեսության ավելի «թեթեւ» տարբերակում գարեջուրն ու օղին խառնողի դերում հանդես է գալիս հանրապետական կուսակցությունը: Ըստ այդմ, Կարեն Ավագյանը խմեցրել է վարչապետին՝ մոտավորապես այնպես, ինչպես Ֆիլիպովի հերոսին՝ «Կառնավալային գիշերը» ֆիլմում, եւ բաց է թողել «բեմահարթակ»: Հեռուստաընկերություններն էլ դա եթեր են տվել՝ հատուկ կառավարության ղեկավարին վարկաբեկելու համար: Իսկ ինչո՞ւ չմտածել, որ Տիգրան Սարգսյանը խմել էր բացառապես «սեփական նախաձեռնությամբ», այնուհետեւ ճիշտ չի գնահատել իր վիճակը եւ չի կարողացել սթափ ելույթ ունենալ: «Պատասխանատու» հեռուստաընկերություններն էլ չեն համարձակվել ռեպորտաժը եթեր չտալ: Իսկ հետո, երբ տեսագրությունը հայտնվեց youtube-ում, արդեն ուշ էր:
Իսկ ամենազվարճալին կլինի այն, որ վարչապետին գործից հանեն մի երկու բաժակ ավելի խմելու, ոչ թե տնտեսության անմխիթար վիճակի պատճառով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930