Տեղեկացրել ենք, որ երեկ 17-30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ «Լիսկա», ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հաղորդագրություն, թե «լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են»:
Սիլվա Համբարձումյանը երեկ ասել էր, որ այսօր դիմելու է ոստիկանություն: Քիչ առաջ գործարար կինը հեռախոսով մեզ տեղեկացրեց, որ ոստիկանություն դեռ չի դիմել, բայց իրեն կանչել են դատախազություն եւ այնտեղ էլ կասի իր ասելիքը: Իսկ Սուրիկ Խաչատրյանի հերքման մասին էլ Սիլվա Համբարձումյանն ասաց. «Նա խուլիգան է, նա կարող է հերքել ինչ ուզի: Ի՞նչ սուտ, եթե ականատեսներ կային, անգամ ԱՄՆ մի քաղաքացի, որ դեպքից հետո զանգել է իր երկրի դեսպանին ու ասել, թե «Մարիոթ» հյուրանոցում խուլիգաններ կան, իսկ դու ինձ այս հյուրանոցն ես խորհուրդ տվել»:
Սիլվա Համբարձումյանը ասաց, որ դեպքով հետաքրքրվել են եւ իրեն զանգում են նաեւ արտասահմանցի լրագրողներ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ