Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձասարի պարիսպը պետք է վերականգնվի իր նախկին տեսքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 14,2011 22:27

«Հայաստանի զրուցակից» թերթն այս տարվա իր հունիսի 22-29-ի համարում Գանձասարի մասին մի հրապարակում է արել եւ, ըստ Հանրային խորհրդի անդամ Ժասմեն Ասրյանի, ներկայացրել է կեղծ լուսանկար՝ եկեղեցի ավերակ վիճակում: Այսօր  կայացած Հանրային Խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի ճակատագրին, այդ մասին իր մտահոգությունը հայտնեց ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը: Նրա հավաստմամբ,  իրենց մասնագետները պարզել են, որ այդ պարբերականում հայտնված  անմխիթար վիճակում գտնվող պարսպի լուսանկարը ոչ թե Գանձասարի,  այլ Օհանավանքի լուսանկարն է. «Մարդիկ չեն խորշել անգամ նրանից, որ Գանձասարի պարիսպը երբեք քանդված չի եղել, որ Գանձասարի շրջապատում այնպիսի բնաշխարհ չկա, որը պատկերված է այդ լուսանկարում»: Նա մեկ առ մեկ թվարկեց Գանձասարի նորոգմանը մասնակցած 27 բարերարների  անունները՝  ԱՄՆ-ից, Մոսկվայից, Երեւանից եւ Աբովյանից: «Զարմանալի է այն երեւույթը, որ որոշ անձանց կողմից բարերարին ներկայացնում են կեղծիքների միջոցով: Ուզում եմ հայտնել, որ բարերար Լեւոն Հայրապետյանը կեղծիքների միջոցով ճանաչվելու հարկ չունի»,– ասաց նա ու հավելեց. «Իրականում Գանձասարի պարիսպը երբեք էլ քանդված չի եղել: Ճիշտ է` Գանձասարի շրջապարսպի սալիկապատման աշխատանքները դադարեցվել են, սակայն հարցը դեռ վերջնականապես չի լուծվել՝ երեսպատումը ապամոնտաժե՞լ, թե՞ շարունակել: Չկա որևէ մեկը, որը կողմ լինի այդ երեսպատմանը, բոլորն ասում են՝ ապամոնտաժել է պետք և վերականգնել նախկին պատմական տեսքը»,- ասաց Ժ. Ասրյանը:

ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը նիստում միաձայն քվեարկությամբ որոշում ընդունեց, որ Գանձասարի վանական համալիրի շրջապարսպի վերջերս սալիկապատած հատվածը պետք է ապամոնտաժվի, և պարիսպը պետք է վերականգվի իր նախկին տեսքով:

Ենթահանաձնաժողովը այդ հարցով դիմելու է Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ որոշումը Խորհրդի նիստում հաստատման դնելու համար: Այսօր ընդունված որոշման մեկ այլ կետով, պարսպի սալիկապատած հատվածը մասնագիտորեն ապամոնտաժելու և նախկին տեսքը վերականգնելու գործընթացին հետևելու համար Հանրային խորհրդի, ՀՀ մշակույթի նախարարության և ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կձևավորվի:

Ենթահանձնաժողովը համանման որոշում է կայացրել նաեւ Վաճառի Ս. Ստեփանոս եկեղեցու մասին, որում Ծմակահող գյուղի երիտասարդներն՝ առանց մասնագետի հսկողության, փորձել էին իրենց ուժերով վերանորոգչական աշխատանքներ կատարել, բայց արդյունքում ակամայից վերացրել են եկեղեցու մի շարք արժեքներ:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930