Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1987 թվականին: Փոխտնօրեն Անահիտ Ամիրաղյանի խոսքերով՝ այն բավական շատ խնդիրներ ունի: «Առաջին հերթին՝ մեր դպրոցը հիմնովին վերանորոգման կարիք ունի, վերջին անգամ վերանորոգվել է 2002 թվականին»,-ասում է նա` հավելելով, որ այն նաև վերանորոգված մարզադահլիճի կարիք ունի: «Ձմռան ամիսներին աշակերտները ստիպված ֆիզկուլտուրա առարկան դասարանում են անում, որովհետև ջեռուցման բացակայության պատճառով մարզադահլիճում ցուրտ է լինում»,- հայտնեց փոխտնօրենը: Դպրոցում սովորում է 83 աշակերտ: Սա դպրոցի գլխավոր խնդիրներից մեկն է, քանի որ աշակերտների թիվը տարեցտարի պակասում է: Անահիտ Ամիրաղյանն ասում է. «21-րդ դարում անընդհատ քարոզվում է առողջ ապրելակերպը, որի մի մասն է կազմում նաև ֆիզկուլտուրան: Որպեսզի այդ դասերը ծառայեն իրենց նպատակին, հարկավոր է ունենալ անհրաժեշտ մարզագույք, ջեռուցվող դահլիճ, հանդերձարաններ, որոնք, ցավոքր մեր դպրոցում չկան»: Այնտեղի հիմնախնդիրներից մեկը նույնպես կապված է աշակերտների քիչ թվի հետ: Խոսքը երկհամակազմ նույնիսկ եռհամակազմ դասարանների մասին է, այսինքն՝ երկու դասարան ինքնաբերաբար միացվում են իրար: «Այսօր առաջին դասարանում 4 աշակերտ է սովորում,-ասում է տիկին Ամիրաղյանը,- երիտասարդ ընտանիքները գյուղից հեռանում են ու գյուղն աստիճանաբար դատարկվում է»:
Դպրոցը դեռևս ոչ մի հասարակական կազմակերպության օգնության համար չի դիմել, բայց փոխտնօրենի խոսքերով՝ առաջիկայում պլանավորվում է ստեղծել մի ծրագիր, որի օգնությամբ կլուծվեն դպրոցի մի քանի հիմնախնդիրներ:
Մերի Խաչատրյան