Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Օպել-Վեկտրա» եւ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տվյալների՝ բախման հետևանքով կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաեւ Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարները: Դեպքի վայրում են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի քննիչները, ովքեր փորձում են ճշտել վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա նաև զոհ կամ զոհեր:
Այս պահին քննչական մարմինները փորձում են ճշտել, թե արդյոք համապատասխանո՞ւմ է մահացածների մասին տեղեկությունը իրականությանը, թե՞ ոչ:
Ավելի ուշ Գագիկ Շամշյանը հաղորդեց, որ իր տեղեկություններով, զոհերի մասին տեղեկությունները, ցավոք, ճիշտ են: Երկու զոհ եւ երկու ծանր վիրավոր` ահա այդ վթարի արդյունքը: Մահացել են «Օպել-Վեկտրայի» վարորդ, Վանաձորի բնակիչ, 1963 թվական ծնված Կարեն Սիրադեղյանը եւ Վանաձորի բնակիչ, 1993 թվականին ծնված Արեն Պողոսյանը: «Օպելի-Վեկտրայի» մյուս երկու ուղեւորները` 1963 թվականին ծնված Նունե Լամբարյանը եւ 1986 թվականին ծնված Տիգրան Սիրադեղյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: